07/10/2018 12:18
Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող Հարություն Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) հայտնաբերվել է մահացած:
«Հ.Ղարագյոզյանի դին հայտնաբերվել է Զովունիում գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Հայտաբերվել է նաև ատրճանակ», - Aysor.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպանություն է գործել։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` Հ. Կարագյոզյանի ինքնասպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Aysor.am-ի տեղեկություններով, երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։
Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։
Հիշեցնենք՝ Նորք-Մարաշում «Այգիներ» ռեստորանային համալիրում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տղամարդը հոսպիտալացվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։