08/10/2018 12:35
Հանրային շատ մեծ դժգոհություն կա. Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, հրաժարական չտա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվարանում է ասել, թե կոնկրետ երբ հրաժարական կտա։
«Երբ մենք խոսում ենք հրաժարականի մասին, մենք խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ զուտ իրավական ընթացակարգերը իրականացնելու համար դե յուրե հրաժարական է տրվում ու դե ֆակտո հրաժարական չի տրվում» ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ ավելացնելով, որ տեսնում է՝ հանրային շատ մեծ դժգոհություն կա իր հրաժարականի կապակցությամբ։
«Հիմա մի այսպիսի իրավիճակ է ստեղծվել՝ ես չեմ ուզում, որ մենք նմանվենք այն իշխանություններին, որ երկար տարիներ հանրությունը պահանջում է հրաժարական տալ ու նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, հիմա էլ, եթե հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, իշխանությւոնը համառորեն հրաժարական է տալիս», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պետք է այնպես անել, որ այս իրավիճակը լինի բոլորին հասկանալի։
«Իհարկե, որևէ գործողություն չպետք է անեմ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելու համար, բայց մենք պետք է անպայման արտահերթ ընտրություններ անենք», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ եթե իրենով լիներ, արդեն հրաժարական տված կլիներ։
«Բայց քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի վրա ևս մեկ անգամ ավելի մանրամասն պետք է մտածենք», - ասաց նա։