08/10/2018 12:05
Կարասին. Մոսկվան և Երևանն արդյունավետ համագործակցում են՝ չնայած Հայաստանի քաղաքական իրադրությանը
Մոսկվայի և Երևանի համագործակցությունը շարունակվում է՝ չնայած Հայաստանի քաղաքական իրադրությանը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ «Известия»-ին տված հարցազրույցում:
«Չնայած Հայաստանում պահպանվող ներքաղաքական որոշ անկայության՝ համատեղ աշխատանք է ընթանում համագործակցության կոնկրետ ուղղություններով: Պերճախոս է փոխադարձ առևտրաշրջանառության դրական դինամիկան. 2018 թվականի առաջին կիսամյակում դրա աճը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 23,4 տոկոս՝ հասնելով 925,6 մլն դոլարի», - նշել է նա:
Դիվանագետը վստահեցրել է, որ կողմերն ինչպես և նախկինում պահպանում են ինտենսիվ երկխոսությունը: «Հաշված ամիսների ընթացքում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երեք հանդիպում և Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի երկու հանդիպում: Մեր ղեկավարները մի քանի անգամ շփվել են հեռախոսով», - ասել է նա:
Կարասինի կարծիքով, Մոսկվայի և Երևանի նման հաճախակի շփման արդյունքը կդառնա Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդումը «ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակում»: