08/10/2018 12:19
Այս Ազգային ժողովը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե այն լուծարել. ՀՀ վարչապետ
Եթե որևէ մեկը որոշել է, որ պետք է մտնի հայ ժողովրդին խանգարողի ու հայ ժողովրդի համար պրոբլեմներ ստեղծողի դերակատարման մեջ, ժողովուրդն այդ պրոբլեմը լիկվիդացնելոի ձևը կգտնի, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, թե սահմանադրական չէր, որ պաշարվել էր Ազգային ժողովը, պատգամավորների վրա ճնշում էր գործադրվել, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պատգամավորը պետք է ներկայացնի ժողովրդին։
«Երբ պատգամավորը չի ներկայացնում ժողովրդին, ինքը պետք է մտածի իր մանդատի մասին: Ասում են, որ իրենք ունեն կողմնակիցներ ու պատրաստվում են ցույցեր անել, խնդրեմ, թող անեն, Հայաստանում երաշխավորված է ցույցեր անելու իրավունքը, և ես էլի ասում եմ, որ լրջորեն կքննարկեմ այդ հանրահավաքում ելույթ ունենալու հնարավորությունը, ես ասում եմ սա ամենայն լրջությամբ», - ասաց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այս Ազգային ժողովը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե այն լուծարել։
Դիտարկմանը՝ ասում են Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ իր ռեյտինգը կընկնի, ՀՀ վարչապետը արձագանքեց. «Կարող եմ խորհուրդ տալ հետևյալը՝ բացեք և կարդաք մայիսին վերլուծաբանների վերլուծությունները, ովքեր ասում էին, որ անխուսափելիորեն հինգ ամսից իմ վարկանիշը գահավիժելու է, փաստերեն, օրեր առաջ տեղի է ունեցել հարցում ու պարզվել է, որ ժողովրդի վստահությունը պետության ղեկավարի նկատմամբ երրորդ Հանրապետության պատմության համար աննխադեպ է»։
Դիտարկմանը, թե ԵԽԽՎ զեկուցողները դժգոհ են Նիկոլ Փաշինյանի աշխատանքից, նա ասաց, թե ինչքան շփվել է միջազգային ներկայացուցիչների հետ, առայժմ որևէ դժգոհություն չի տեսել։
«Երբ որ լսեմ, մենք բավարար փաստարկներ կունենանք այդ ամեն ինչին հակադարձելու, ես ասեմ, որ ՀՀԿ-ական պատգամավորներին ու ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանն ամենևին պատիվ չի բերում, որ նրանք առաջին օրից սկսած փորձում են Հայաստանում իրադարձությունները այլ լույսի ներքո ներկայացնել ու սա ևս մի փաստարկ է, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը ու նրանց ասածներին լուրջ վերաբերվել պետք չէ», - եզրափակեց խոսքը Նիկոլ Փաշինյանը։