08/10/2018 18:33
Անչափ հուզիչ է, որ ծանոթ ու անծանոթ մարդիկ սեր են խոստովանում, բարեմաղթանքներ հղում. Լալա Մնացականյանը նշում է ծննդյան տարեդարձը
ՀՀ Վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին ընդգծեց՝ ինչպես ամեն օրը, այս օրն էլ իր համար աշխատանքային է, սակայն երեկոն մտերիմներինն է լինելու: Ժպիտով նկատում է՝ տարեդարձները տոն են միայն մեկ բանով՝ կրկին համոզվում ես, որ սիրված ես ու սիրում ես:
«Անչափ հուզիչ է, որ ծանոթ ու անծանոթ մարդիկ իրենց նամակներով, զանգերով, կամ ուղղակի՝ դրսում մոտենալով սեր են բացատրում, բարեմաղթանքներ հղում: Իմ ծննդյան շնորհավորանքներն էլ, շատերի պես, սկսվել են կեսգիշերից. Ինչպես միշտ, առաջին շնորհավորողն ամուսինս էր, ով ավանդույթի համաձայն ինձ նվիրեց շա՜տ գեղեցիկ ծաղկեփունջ ու այն գեղեցիկ արծաթյա զարդերը, որոնք հենց հիմա կրում եմ: Նա ինձ միշտ խորհրդանշական, թանկարժեք ու գեղեցիկ նվերներ է անում: Այնուհետև հաջորդեցին աղջկաս, քույրիկներիս ու ընկերներիս շնորհավորանքները», - մանրամասնեց հոբելյարը:
Լալա Մնացականյանն իր հյուրերին նախընտրում է տանն ընդունել: Ասում է՝ այս օրը շատ անձնական է, ու չի սիրում այն հրապարակային դարձնել:
Դերասանուհու համար ծննդյան օրերը ևս մեկ առիթ են՝ վերլուծելու ապրած տարիները: Ի դեպ, շատերին է զարմացնում այն հանգամանքը, որ կենսախինդ ու արագաշարժ այս արտիստուհին արդեն 61 տարեկան է: Հարցին, թե ո՞րն է իր երիտասարդ մնալու գաղտնիքը՝ ծիծաղելով խոստովանում է.
«Երևի թե իմ ներսում շա՜տ մեծ սեր ունենալը: Գիտեք, ես մարդկանց շատ եմ սիրում ու իրենցից չեմ վիրավորվում: Չեմ չարանում ու չեմ նախանձում: Գուցե պահի տակ բարկանամ, նեղվեմ, բայց դա ընդամենը վայրկյաններ է տևում, անմիջապես մոռանում եմ: Պետք է ուղղակի կյանքին թեթև նայել: Բոլորիս ուզածն ի՞նչ է այս կյանքից՝ երջանկություն, ուրեմն այնպես անենք, որ միմյանց համար լավ լինի ու երջանիկ լինենք: Եվ հետո, շատ կարևոր է առողջ ապրելակերպը, որին ես հետևում եմ՝ լավ քնում եմ ու լավ ուտում»:
Անդրադառնալով ապրած տարիների ձեռքբերումներին ու կորուստներին՝ ցավով նկատեց. անվերականգնելի են մարդկային կորուստների վերքերը: Ձեռքբերումներից էլ կարևորեց հոգևորները, որոնք անցողիկ չեն:
«Ես շատ եմ Սիրում Շառլ Ազնավուրի «Մենք ծնվում ենք, որ մեռնենք, բայց այդ ընթացքում պետք է ապրենք» խոսքերը: Ես կավելացնեմ՝ ապրենք երջանիկ», - հավելեց նա:
Հոբելյարի ցանկությունը մեկն է՝ երկիրը ոտքի կանգի, քանի որ, ինչպես ինքն է նշում՝ ուժեղ երկրի քաղաքացիները երջանիկ են:
«Ուզում եմ արժանապատիվ ու բարեկեցիկ երկրում ապրել: Այդպիսի երկիրում կա արվեստ, կա մշակույթ, կա գիտություն», -եզրափակեց ՀՀ Վաստակավոր արտիստուհին:
Aysor.am-ը ևս շնորհավորում է սիրված դերասանուհուն՝ մաղթելով նպատակների իրականացում, անձնական ու գործնական վերելքներ: