09/10/2018 13:40
«Մարգո». Իվետա Մուկուչյանի եռագրությունը` տատիկի, անձնական պատմությունների և սրտի բաբախի մասին. պրեմիերա
Կայացավ երգչուհի Իվետա Մուկուչյանի եռագրության առաջին մասի պրեմիերան, որը կրում է «Մարգո» խորագիրը։ Տեսահոլովակի ինչպես առաջին հատվածը, այնպես էլ ողջ եռագրությունը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։
Եռագրությունը ներկայացնում է Իվետա Մուկուչյանի անձնական պատմություններից հատվածներ, զգացողություններ, որոնք երգչուհու համար կարևոր են այնքան, որ վերջինս ցանկություն է ունեցել ներկայացնելու նաև հանրության լայն շերտերին, իր երկրպագուներին։
«Այստեղ պատմություններ են ուժեղացող, ձևավորվող մարդու մասին, ով թեև պարբերաբար մութ տեղեր է ընկել, դժվարությունների միջով ստիպված եղել անցնել, բայց հաջողել է միշտ, կարողացել է վերին մի օգնությամբ ուժերը հավաքել ու դուրս գալ յուրաքանչյուր դժվարին իրավիճակից», - նշում է երգչուհին։
Եռագրության առաջին հատվածը վերնագրված և նվիրված է Իվետա Մուկուչյանի տատին` մայրիկի մորը, ով մահացել է Իվետայի ծնունդից առաջ։ Թեև նրանք հանդիպելու և շփվելու հնարավորություն չեն ունեցել, սակայն այնպիսի աննկարագրելի կապ է ստեղծվել իր և Իվետայի միջև, որ բառերով դժվար է բնութագրել։
«Նա ինձ անսահման հարազատ մարդ է, իմ խիղճը, ճիշտ դատողության ուժը», - ասում է երգչուհին:
Իվետա Մուկուչյանի խոսքով` նա այս նախագծով ամենևին ցանկություն չի ունեցել զարմացնել վոկալային տվյալներով, երաժշտական լուծումներով։
«Ավելի ճիշտ կլինի ասել՝ սա իմ` արտիստական սրտի բաբախն է։ Ես ինձ հետագայում ավելի հանգիստ կզգամ՝ գիտակցելով, որ այս ամենը պատմել եմ», - ընդգծեց երգչուհին:
Երգում միքսված է նաև փոքրիկ հատված, որտեղ Իվետան կատարում է Կոմիտասի «Հով արեք սարեր ջան» երգը.
«Սա գերմանացի պրոդյուսերների ցանկությունն էր, որ անձնական պատմությունը զուգադրվեր այլ երգի մի հատվածով, որն իր մաքրությամբ ու բնույթով եզակի է։ Պետք է ասեմ, որ ինձ համար այն, կարծես, կատարսիս լիներ, մաքրագործում»։
Եռագրության երկրորդ և երրորդ հատվածները կներկայացվեն առաջիկայում և կապահովեն թեմայի ակտիվ զարգացումը։
Երաժշտությունը գրել են Իվետա Մուկուչյանն ու Բրեդ Քլերլին, գործիքավորումն արել է Պաբլո Մատեոն (Բեռլին), երաժշտական ձևավորումն ու համագործիքավորումը` Դեիմոս Վիրգիլիտտոն, միքս և մասթերինգն իրականացրել է Լևոն Նավասարդյանը, հագուստների ձևավորումը` Մարիաննա և Իվետա Մուկուչյանները, դիմահարդարումը և վարսահարդարումը` Մարիաննա Մուկուչյանը։
Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է, պրոդյուսերները` Ֆիլիպ Քաշմարեկը, Բրեդ Քլերլին և Իվետա Մուկուչյանը։ Ողջ արտադրությունն իրականացրել է «Մուկուչյան փրոդաքշն»-ը։