09/10/2018 20:21
Սարգիս Գրիգորյանն ու Խորեն Լևոնյանը հանդես կգան «Ա.Կ.Ա.» գեղարվեստական ֆիլմում (Տեսանյութ)
Շուտով հայկական ֆիլմարտադրությունը կհարստանա ևս մեկ աշխատանքով. «Ա.Կ.Ա»-ն դրամատիկ ժանրի ֆիլմ է, որը ներկայացնում է երկու եղբայրների պատմությունը: Եղբայրներին մարմնավորում են Խորեն Լևոնյանն ու Արաբո Գրիգորյանը, ընկերոջը՝ Սարգիս Գրիգորյանը:
«Ֆիլմի վերնագիրը պայմանավորված է երեք կերպարների անունների առաջին տառերով՝ Արթուր, Կարեն, Արամ: Եղբայրներից մեկը ոստիկան է, մյուսն առավել շատ մութ գործերի մեջ է ներգրավված: Ընկերոջ դավաճանության պատճառով երկու եղբայր թշնամանում են: Ֆիլմում ներկայացվում է նաև սիրո դրամատիկ պատմություն», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Սարգիս Գրիգորյանը:
Նկարահանվել են նաև Նարինե Պետրոսյանը, Աննա Գրիգորյանը, Աննա Դովլաթյանը, Գեորգի Հովակիմյանը, Իշխան Ղարիբյանը և այլք: Խորեն Լևոնյանի և Նարինե Պետրոսյանի մարմնավորած հերոսների դստեր կերպարում հանդես է եկել Սարգիս Գրիգորյանի դուստրը՝ Յանա Գրիգորյանը, ում համար սա գեղարվեստական ֆիլմի երկրորդ փորձն է:
«Աղջիկս արդեն բավական պատրաստված է, որպեսզի ցանկացած նախագծում խնդիրներ ու դժվարություններ չստեղծի ո՛չ ռեժիսորի, ո’չ էլ, ընդհանրապես, նկարահանող խմբի համար: Արդեն կարողանում է 1-2 դուբլով խաղալ: Նա շատ լավ հասկանում է, թե ինչպիսի լրջություն է պահանջվում նկարահանման հրապարակում գտնվող մարդուց», - նկատեց մեր զրուցակիցը:
Ֆիլմի մտահղացումը պատկանում է Սարգիս Գրիգորյանին և Արմեն Միրզոյանին, ռեժիսորը Արմեն Միրզոյանն է:
Նկարահանումների մեկնարկը տրվել է սեպտեմբերի 27-ին: Պրեմիերան նախատեսվում է գարնանը: