09/10/2018 16:04
Ապրեսյան. Հետհեղափոխական Հայաստանում տուրիզմի ոլորտում աճ է գրանցվել (Տեսանյութ)
Հետհեղափոխական Հայաստանում տուրիզմի ոլորտում աճ է գրանցվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ 2018 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի 10,2 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ», - ասաց մասնագետը՝ հավելելով, որ ամփոփ տվյալները կլինեն տարեկան կտրվածքով։
Ապրեսյանի խոսքով՝ տուրիզմի զարգացմանը մեծապես նպաստում է նաև տարատեսակ փառատոնների անցկացումը։
Դիտարկմանը, թե բնապահպանները նշում են, որ հանքարդյունաբերությունը խոչընդոտում է տուրիզմի զարգացմանը, Մեխակ Ապրեսյանն արձագանքեց.
«Չպետք է պարզապես ասենք զարգացում, պետք է կայուն զարգացման մասին խոսենք։ Եթե տնտեսության որևէ ճյուղ զարգանում է կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան, դա ողջունելի է և պետք է իրականացվի, լինի հանքարդյունաբերություն, սննդի արդյունաբերություն, թե զբոսաշրջություն»։
Մասնագետը ներկայացրեց նաև հետևյալ ցուցանիշը. եթե 2006-2007 թվականների հետազոտության արդյունքում 18-35 տարեկանների մասնաբաժինն ընդհանուր այցելություններում եղել է 6 տոկոս, 2013 թվականի հետազոտության արդյունքներով այն կազմել է 34 տոկոս։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։