09/10/2018 19:58
Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քննարկել է Նիկոլ Փաշինյանի ու Արա Բաբլոյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ:
Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։
Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարեւորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը:
Արմեն Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը եւ շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման եւ առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է:
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսևորել եւ առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով: