09/10/2018 14:40
Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար. ՀՔԾ-ն հաստատում է
Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Այլ մանրամասներ, սակայն, ՀՔԾ-ից չեն փոխանցում։
Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը ևս Aysor.am-ին տեղեկացրեց, որ Մայրեպետյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակել»։
«Պարոն Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը», - ասաց փաստաբանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն Մայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, և այժմ Մայրապետյանի ներկայությամբ դատարանքը քննում է այդ միջնորդությունը։
«Այս պահին նա դատարանում է», - ասաց Բատիկյանը։
Նա հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել՝ նշելով, որ ստորագրությամբ պարտավորվել է նախաքննական գաղտնիություն պարունակող տեղեկություն չհրապարակել։
Ավելի վաղ մեկ այլ գործարար Սիլվա Համբարձումյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Մայրապետյանի հետ ՀՔԾ-ում ունեցել է առերեսում, որից հետո իր կարգավիճակը կասկածյալից դարձել է վկայի։ Համբարձումյանը նաև ասել էր, որ քրեական գործը կաված է մարտի 1-ի գործի հետ։
Սակայն փաստաբան Բատիկյանը հերքեց այդ տեղեկությունը. «Ես հաստատապես կարող եմ ասել, որ Սամվել Մայրապետյանը այդ գործի հետ որևէ առնչություն չունի»։