09/10/2018 19:37
Ես ինձ զգում եմ այն տարիքում, որում երևում եմ. դերասան Բաբկեն Չոբանյանը նշում է ծննդյան տարեդարձը
Բաբկեն Չոբանյանի հետ կապ հաստատելն այսօր բավական բարդ էր. պատճառը բոլորովին էլ դերասանի՝ ծննդյան օրվա կապակցությամբ զբաղված լինելը չէր, այլ՝ նույնիսկ այդ օրով գերզբաղված աշխատանքային գրաֆիկով առաջնորդվելը:
«Ճիշտ է, այսօր իմ ծննդյան օրն է, բայց ես առավոտյան 10:00-ից մինչև հիմա աշխատանքի մեջ եմ. նախ՝ թատրոնում փորձի էի, այնուհետև՝ նկարահանման հրապարակում էի, երեկոյան էլ ներկայացում ունեմ: Ու դա շատ լավ է: Թե՛ թատրոնում, թե՛ նկարահանման հրապարակում գործընկերներս ինձ շնորհավորեցին, գեղեցիկ անակնկալներ մատուցեցին, ինչը շատ հաճելի էր», -Aysor.am-ի հետ զրույցում պատմեց հոբելյարը:
Ընտանիքի անդամներն ու մտերիմներն արդեն սովորել են դերասանի կյանքի այս ռիթմին: Ասում է՝ ըմբռնումով են մոտենում, չեն նեղանում, քանի որ միմյանց սիրում են ու հասկանում:
«Բայց, դե ես էլ աշխատում եմ այդ բացը լրացնել, ու, փառք Աստծո, դեռ լուրջ բողոքողներ չկան: Եվ հետո, ես անակնկալների սիրահար եմ, չեմ սիրում նախապես պլանավորած, միապաղաղ երեկույթները: Իմ նախընտրած տարբերակը չի տանը կամ ռեստորանում քեֆ անելը: Հիմնականում, պլանավորած բաներն իմ սրտով չեն, թեև կյանքիս մեծ մասն այդպես է անցել: Ինչ-որ փուլից սկսվեց ամեն ինչ փոխվել, ու դա ինձ առավել դուր եկավ: Կարևորը, որ ամեն տարի նույնկերպ չի անցնում: Գուցե այսօր էլ անակնկալներ լինեն, որոնց մասին ես տեղյակ չեմ: Միակ բանը, որ գիտեմ, դեռ մի քանի ժամ պետք է աշխատեմ», - ժպիտով նշեց նա:
Այնուամենայնիվ, ծննդյան շնորհավորանքները սկսվել են կեսգիշերից: Ծիծաղելով կատակում է՝ սովորաբար, կնոջն է հաջողվում ու բախտ վիճակվում իրեն առաջինը շնորհավորել, հետո արդեն՝ ով ինչպես կհասցնի:
Ծնունդով գյումրեցի դերասանի համար ամենահիշվող ծննդյան անակնկալը տարիներ առաջ է եղել, երբ դեռ Գյումրիում էր բնակվում: Հիշում է՝ ամբողջ օրն առանց հետաքրքիր միջադեպի էր անցել, բայց երեկոյան Ռուսաստանում ու Երևանում բնակվող ընկերները անակնկալ իր տուն եկան:
Արդեն 41-ամյա Բաբկեն Չոբանյանին ավելացող թվերը չեն անհանգստացնում:
«Երբ փոքր էի, մտածում էի, թե 40 տարեկաններն արդեն ծեր են, բայց պարզվեց, որ բոլորովին էլ այդպես չի: Եվ հետո, ես ինձ 40 չեմ զգում, իսկ եթե 40-ում հենց այնպես պետք է զգամ, ինչպես հիմա, ապա այն ինձ համար բեռ չեմ համարում, շատ լավ է: Ես ինձ զգում եմ այն տարիքում, որում երևում եմ», - նկատեց նա:
Անդրադառնալով 4 տասնամյակի գլխավոր ձեռքբերումներին՝ առանձնացրեց երեքը՝ ընտանիքը, ընկերներին ու սիրած գործով զբաղվելու հնարավորությունը:
Հարցին՝ ի՞նչ կմաղթի ինքն իրեն, հանպատրաստից պատասխանեց.
«Լավատեսություն և կամք: Գուցե մտածելու դեպքում առավել լուրջ բան ասեի, բայց առաջինն այդ եկավ մտքիս: Չնայած, կարծում եմ, սա էլ անլուրջ չէր: Ես երբեք նյութական նվերների անհրաժեշտություն չեմ ունեցել, ամեն դեպքում՝ իմ գիտակից կյանքում նման բան չեմ հիշում: Ընկերներիս, հարազատներիս ուշադրությունն ու սերը գերադասում եմ ցանկացած նվերից»:
Aysor.am-ը ևս շնորհավորում է սիրված դերասանին՝ մաղթելով գործնական ու անձնական հաջողություններ: