09/10/2018 16:23
Արմեն Գյուլբուդաղյանցը` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի լավագույն տարբերակ. կարծիքներ
Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. Վարդան Մինասյանի հրաժարականից հետո, որոշ ժամանակ անց, հավաքականի ղեկը ստանձնեց Արմեն Գյուլբուդաղյանցը։
«Ֆուտբոլ 365» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Բուռնուչյանը կարծում է, որ Արմեն Գյուլբուդաղյանցը այսօր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի լավագույն տարբերակն է։
«Գյուլբուդաղյանցին պետք է ժամանակ, որպեսզի այս հավաքականից քաղի մաքսիմալը: Պետք է հասկանալ և ճիշտ գնահատել մեր ներուժը: Արդյունք ասելով, եթե նկատի ունենք ԵՎՐՈ-ի եզրափակիչ դուրս գալը, այս պահին դրա շանսերը 10 տոկոսից ավելի չեմ գնահատում: Իրականում, մեր հավաքականից մենք ոչ ռեալ ակնկալիքներ ունենք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բուռնուչյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական, ՀՖՖ Գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը նշում է՝ ճիշտ է, ցանկալի կլիներ, որ մարզիչն արտասահմանցի լիներ, բայց Գյուլբուդաղյանցի տարբերակը լավագույնն էր։
«Ժամանակային շատ փոքր ինտերվալ ունենք ու ստեղծված իրավիճակում, կարծում եմ, Արմեն Գյուլբուդաղյանցի տարբերակը լավագույնն էր», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
Արեն Մկրտչյանի խոսքով՝ մարզչի առումով ընտրության լայն հնարավորություն չկար, իսկ արտասահմանցի մարզիչի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելը բավական բարդ է ու տևական։
«Պետք էր արագ կողմնորոշվել, քանի որ Վարդան Մինասյանը անակնկալ հրաժարական էր տվել ու փաստի առաջ էր կանգնեցրել հավաքականը, պետք էր նոր մարզիչ գտնել, որովհետև հավաքականի խաղերին հաշված օրեր են մնացել», - նշեց Արեն Մկրտչյանը։
ՀՖՖ գործկոմի անդամը հույս ունի, որ հավաքականը լավ արդյունքներ կգրանցի։
«Եթե արդյունքները կլինեն բացասական, կարելի է նստել քննարկման սեղանի շուրջ ու հասկանալ հետագայում ինչպես ենք առաջ շարժվում, բայց, նախևառաջ, հուսանք, որ հավաքականը հաղթանակներ կգրանցի», - ասաց Ա. Մկրտչյանը։
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուական՝ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման համահիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանի համար սպասելի էր Գյուլբուդաղյանցի նշանակումը։
«Ինձ համար սպասելի էր, քանի որ դժվար էր հավատալ մրցաշրջանի միջնամասից, այն էլ, կիսաձախողած միցաշրջանի, որ արտերկրի բարձրակարգ մասնագետը կարող է համաձայնել գլխավորել ընտրանին, որտեղ, գիտենք, որ խնդիրները շատ են։
Գյուլբուդաղյանցի, Աբրահամ Խաշմանյանի նշանակումը շրջանառվում էր դեռ Մակեդոնիայի ձախողած խաղից հետո։ Ինքս շատ մեծ ակնկալիքներ չունեմ Գյուլբուդաղյանցի նշանակումից, բայց շանսը տրված է, խոսքն իրենն է։ Միևնույն ժամանակ, ուրախ եմ, որ նրան ժամանակավոր պաշտոնակատար չեն տվել, որի դեպքում մոտիվացիայի պակաս կլիներ մարզչի մոտ։ Նա հասկանում է՝ եթե հավաքականը մնացած չորս խաղերում լուծի խմբից դուրս գալու հարցը, ավելի երկարաժամկետ պայմանագիր կստանա։ Այլ պատկերի դեպքում մեր սլաքները ուղղվելու են ՀՖՖ՝ ազատ 5-6 ամիս ժամանակահատվածում արտերկրից բարձրակարգ մասնագետ հրավիրելու հարցը լուծեն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ս. Ջանջոյանը։