11/10/2018 16:44
Ի՞նչ թանկարժեք նվեր է ստացել երգչուհի Լիանան իր ծննդյան տարեդարձին
Երգչուհի Լիանան այսօր նշում է ծննդյան 38 ամյակը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը տեղեկացրեց՝ սովորության համաձայն իր ծննդյան տոներն անցնում է մտերիմների միջավայրում, որոնցից այսօր քչերն են Հայաստանում:
«Սկսած կեսգիշերից՝ ընկերներս հերթով զանգել ու շնորհավորել են, առաջին շնորհավորողն էլ ինձ շատ սիրելի անձնավորություն է եղել: Ովքեր էլ այստեղ են՝ հյուր են եկել ու գեղեցիկ անակնկալներ մատուցել: Եթե անկեղծ՝ ես շատ ծանոթներ ունեմ, բոլորին սիրում եմ ու իրենք էլ ինձ են նույնկերպ վերաբերվում: Բայց ընկերներն իմ կյանքում քիչ են, ոչ բոլորին եմ սրտիս շատ մոտ թողնում: Ինձ համար առավել մեծ տոն է, եթե կարողանամ օրս նշել տանը՝ հարազատներիս հետ: Բայց քանի որ աշխատանքային օրս ավելի շատ ռեստորաններում է անցնում, ապա մեծամասամբ հենց այնտեղ էլ ուրախանում ենք: Այսօր երեկոյան էլ ծննդյանս տոնը դրսում նշելու հրավեր ունեմ, այնպես որ, չի ստացվում ավանդույթից շեղվել», - ժպիտով նկատեց երգչուհին:
Հոբելյարի նվերները բազմազան են՝ հագուստ, զարդեր, հանգստյան ուղեգիր… Ասում է՝ հոկտեմբերի 13-ին Գոա (նահանգ՝ Հնդկաստանում՝ հեղ.) է մեկնելու, 7 օր կանցկացնի թանկարժեք հյուրանոցում, որի 1-շաբաթվա արժեքը կազմում է 5300 դոլար: Մեկտեղ ծիծաղելով ընդգծում է՝ նվեր անողն աղջիկ է… Ավանդական նվերների շարքին է դասվում ծննդյան տորթը, որն էլ ոչ մի տարի չի հասցնում ինքը գնել:
«Երբեք առիթ չեմ ունենում տորթ գնելու, քանի որ միշտ նախապես նվեր են բերում այդ տորթը: Այս տարին էլ բացառություն չէր: Ինչ վերաբերում է մյուս նվերներին, ապա կառանձնացնեմ օձի բնական կաշվից կարված աշնանային վերարկուն, որը շատ գեղեցիկ և ինքնատիպ է: Բայց ասեմ՝ ինձ համար առավել կարևոր նվեր է այն, որ հարազատներս առողջ լինեն ու հաջողակ, դա ինձ առավել է ուրախացնում: Եթե ես մարդուն սիրում եմ, ապա ինձ համար կարևոր չէ՝ նվեր կբերի ինձ, թե ոչ: Դեպքեր են եղել, որ իմ ծնունդին նվեր չեն բերել, բայց ես եմ իրենց սրտանց նվերներ արել այդ նույն օրը, ու դրանից ինձ շատ ավելի լավ եմ զգացել», - հավելեց նա:
Անդրադառնալով անակնկալներին՝ մեր զրուցակիցն առանձնացրեց 6-ամյա որդու շնորհավորանքն ու խոստովանությունը:
«Բալիկս առավոտյան 7-ին արթնացել է, հյուրասենյակի մի անկյունից սեղանը կենտրոն է հասցրել, ափսեներ, բաժակներ շարել, զարդարել ու ինձ հրավիրել սեղանի մոտ: Երբ իրեն ասացի՝ իմ ամենալավ նվերը դու ես, բալես, ինքն էլ ինձ պատասխանեց՝ մամա ջան, շնորհակալություն Աստված պապիկին, որ դու ընտիր մամա ես», - հուզմունքով պատմեց Լիանան:
38-ամյա երգչուհին խոստովանում է՝ այն մարդկանցից չի, ովքեր սիրում են իրենց ծննդյան օրերը, բայց դա չի նշանակում, թե նրան տարիքն է վախեցնում:
«Տարիքիս ավելացման մասին ընդհանրապես չեմ մտածում, որովհետև տարեցտարի ջահելանալու և գեղեցկանալու եմ: Ով մտածում է, թե պետք է ծերանամ ու շատ տգեղանամ, թող մեծ հույսեր չփափագի, ես ապացուցելու եմ, որ հոգով գեղեցիկ մարդիկ, անկախ տարիքից, միշտ գեղեցիկ են: Կարծում եմ՝ իմ հանդիսատեսը սա որպես ինքնագովազդ չի ընկալի, նրանք գիտեն, որ ես երբեք չեմ խաղում, թե՛ կյանքում, թե՛ բեմին ես նույնն եմ», - հույս հայտնեց նա:
Լիանայի ամենամեծ ձեռքբերումը Ալենն է՝ որդին, իսկ կորցրածի համար շատ չի տրտնջում: Ասում է՝ եթե այդ մարդն իր համար չի, ապա երբ էլ լինի՝ գնալու է, ու նրա տեղը հաստատ կլրացնի մեկ ուրիշը՝ ավելի հավատարիմը:
Ինքն իրեն ուղղված միայն մեկ մաղթանք ունի հոբելյարը՝ ի վերջո ստեղծել գեղեցիկ ու լավ ընտանիք ու իրեն երջանիկ զգալ ոչ միայն որպես մայր, այլ նաև՝ որպես կին:
«Շատ կցանկանայի կրկին երեխաներ ունենալ, հատկապես՝ աղջիկ: Հուսով եմ՝ երազանքս կիրականանա», - զրույցը եզրափակեց երգչուհին:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Լիանային՝ մաղթելով նպատակների իրականացում: