12/10/2018 14:53
Շնորհակալություն խուլիգանական խմբերին, որ բացահայտեցին «Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը». «Ադեկվադ»-ի ներկայացուցիչներ (Տեսանյութ)
Ֆեյսբուքյան «Ադեկվադ» հաղորդման ներկայացուցիչ Նարեկ Մալյանը, ով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն է եղել, վստահ է, որ Մարալիկում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած հարձակման դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի և դրանց հեղինակները պատասխանատվության կենթարկվեն։
Նման ենթադրության հիմք Մալյանին տվել է ոստիկանության ծառայողների, իր խոսքով, «պրոֆեսիոնալ գործողություններն ու արագ արձագանքը»։
«Ոստիկանությունը հաստատ կզբաղվի այս գործով, իսկ ահա Քննչական կոմիտեում մենք կտեսնենք՝ արդյոք ադեկվատ են, թե ոչ», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մալյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը ներկայացրել էր «Ադեկվադ»-ի ներկայացուցիչների պատմությունը, որի համաձայն Մարալիկում մի խումբ անձինք, որոնց թվում է եղել նախկին դատապարտյալ Հարություն Ուռուտյանը, պահանջել են լքել իրենց քաղաքը, հակառակ դեպքում սպառնացել են հաշվեհարդար տեսնել։ Ավելին, Մալյանի պատմելով, Ուռուտյանը խոչընդոտել է օպերատորի աշխատանքը, խլել, վնասել «շտատիվը», քաշքշել, հարվածել օպերատորին։
Մալյանը վստահ է՝ Մարալիկում իրենց նկատմամբ հարձակումը կազմակերպված է եղել իշխանությունների կողմից, իսկ կատարվածի պատասխանատուն անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ «Նիկոլ Փաշինյանի իրական հենարանը խուլիգանական խմբերն են, որոնք տեղերում ճնշում են գործադրում ազատ մարդկանց վրա, պատժիչ ջոկատրների դեր են կատարում այլակարծություն ունեցող անձանց դեմ», - հայտարարեց Մալյանը։
Նա «խուլիգանական խմբերին» իրենց անունից շնորհակալություն հայտնեց, որ բացահայտեցին «Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը», այն ամենը, ինչի մասին խոսել են նախորդ մի քանի ամիսների ընթացքում։ «Այս երևույթը մենք անվանում ենք «փաշիզմ»՝ չինական ֆաշիզմ, կեղծ Դուչե», - այտարարեց Մալյանը։
Նա նաև պատմեց, որ իրենք շրջել են Մարալիկում, զրուցել մարդկանց հետ, «նարդի» են խաղացել նրանց հետ և պարզել՝ «բավականին ադեկվատ մարդիկ են»։
«Ադեկվադ»-ի մյուս ներկայացուցիչ Արթուր Դանիելյանը հստակեցրեց, որ Մարալիկում իրենց նկատմամբ պահանջներ ներկայացրած, այնուհետև սպառնացող անձինք վիրավորվել են իրենց հաղորդման մեջ հնչած այն մտքից, թե Մարալիկը փոքր քաղաք է։
«Բայց ասեմ ձեզ, ամեն ինչ սկսվել է նրանից, որ իրենց պետք էր մեզ ինչ-որ բանով սադրել։ Իմ կարծիքով, ամեն ինչ անում էին, որ մեր նյարդերը տեղի տային, ինչ-որ քայլի դիմեինք, որի համար մենք հետագայում իրավական պատասխանատվության կենթարկվեինք։ Սա էր ամբողջ իմաստը», - ասաց Դանիելյանը՝ նկատելով, որ տարածքում կար մի անձ, որը փողկապով էր և որը հեռախոսով ցուցումներ էր փորձում տալ հարձակում գործած խմբին։
Դանիելյանը նկատեց նաև, որ առնվազն մի քանի հիմքով քրեական գործ կարելի է հարուցել՝ խուլիգանություն, լրագրողական աշխատանքի խոչընդոտում, մարդու ազատ տեղաշարժի և ազատ խոսքի իրավունքի խախտումներ։
Մալյանը հայտարարեց, որ ունեն փաստեր՝ «խուլիգանական խումբը» կապեր ունի իշխանության ներկայացուցիչների հետ։
«Ես ենթադրում եմ, որ այս ամենն իրենք կազմակերպել են մեզ լռեցնելու համար։ Մեզ լռեցնելու լավագույն ձևը կլիներ մեր նկատմամբ խուլիգանության հոդված բացելը, որի համար մինչև վեց տարի ազատազրկում է սպասվում։ Մենք մեզանից մեծ, թե փոքր ուժ ենք ներկայացնում, չեմ կարող ասել, դա սուբյեկտիվ է։ Բայց այս ամենը արվեց, որ մեր նկատմամբ խուլիգանության հոդված բացվի», - իր հերթին հայտարարեց Արթուր Դանիելյանը։