12/10/2018 13:24
Մարալիկում կատարված հարձակումը կազմակերպված էր իշխանության կողմից, դա «փաշիզմ» էր. Նարեկ Մալյան (Տեսանյութ)
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում հոկտեմբերի 11-ին մի խումբ երիտասարդներ պահանջել են «Ադեկվադ» հաղորդման հեղինակներ Արթուր Դանիելյանին ու Նարեկ Մալյանին լքել քաղաքը անմիջապես, այդ մասին ընթացող ասուլիսում տեղեկացրեց Նարեկ Մալյանը։
Նա մանրամասնեց, որ մոտեցել են իրենց, պահանջել են լքել քաղաքը, սակայն երբ չեն ենթարկվել այդ պահանջներին, սպառնացել են, որ կգան հաշվեհարդար կտեսնեն։
Նրա խոսքով՝ քաղաքը լքել պահանջող խմբի մեջ է եղել նաև նախկին դատապարտյալ Հարություն Ուռուտյանը, ով խոչընդոտել է օպերատորի աշխատանքը, խլել, վնասել «շտատիվը», հարվածներ հասցրել օպերատորին։
«Մարալիկում հարձակումը կազմակերպված էր, ու մենք պահանջում ենք գտնել կազմակերպիչներին։ Խուլիգանության պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է ու այս երևուութը մենք համարում ենք փաշիզմ», - հայտարարեց Մալյանը՝ վստահություն հայտնելով, որ դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի։
Մալյանի խոսքով՝ խուլիգանություն գործած անձինք ներկայանում են ու ասում, թե ներկայացնում են մարալիկցիերին, բայց իրականում որևէ կապ չունեն մարալիկցիների հետ։ «Մարալիկի ժողովուրդը շատ ադեկվատ մարդիկ են, նրանց հետ նարդի ենք խաղացել, խոսել Գորբաչովի ժամանակներից մինչև Փաշինյանի ժամանակներ», - ասաց Մալյանը։
«Ադեկվադ»-ի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Դանիելյանը, նկատեց, որ խոչընդոտվել է իրենց ազատ տեղաշարժը, խոսքի ազատության իրավունքը։
Հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը փորձել խոչընդոտել «Ադեկվադ»-ին, ի՞նչ է ներկայացնում իրենից «Ադեկվադ»-ը, Արթուր Դանիլյանը պատասխանեց, որ իրենց փորձել են լռեցնել, քանի որ իրենք իշխանությունների հիմնական քննադատն են։