12/10/2018 13:40
Արցախում նոր կազմակերպություն է ստեղծվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաջին ընդհանուր ժողովին:
Նախագահը միջոցառումը խորհրդանշական է համարել՝ նշելով, որ իրականացվել է նախնական աշխատանք կառույցի ստեղծման և մոտակա տարիներին նրա բնականոն գործունեության կազմակերպման ուղղությամբ:
Բակո Սահակյանը նման հասարակական կառույցի ստեղծումը որակել է կարևոր ու պահանջված:
«Ձեր գործունեությունը և սկզբունքային դիրքորոշումը շատ կարևոր են երկրում ամենասուր թեմաների և խնդիրների շուրջ առողջ երկխոսություն ապահովելու, փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումներ և մտքերի փոխանակում կազմակերպելու տեսանկյունից, որոնք քաղաքակիրթ քաղաքական կուլտուրայի հիմնասյուներից են», – շեշտել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետությունը գործուն աջակցություն կցուցաբերի կազմակերպության բոլոր բարի նախաձեռնություններին: