12/10/2018 09:49
«Հրապարակ». Արմեն Սարգսյանը չի շտապում ԱԺ ներկայացնել ՍԴ անդամի թեկնածուին
«Հրապարակ» թերթը գրում է՝ Արմեն Սարգսյանը չի շտապում ԱԺ ներկայացնել ՍԴ անդամի թեկնածուին, նախագահի ստեղծած խորհրդատվական հանձնախումբը դեռ շաբաթներ առաջ «քննել է» 5 թեկնածուի, և տեղեկություններ կան, որ երաշխավորելու է իշխանություններին մերձ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Սակայն Սարգսյանի մամուլի խոսնակը հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայից հետո նախագահը մեկ անգամ ևս կհանդիպի թեկնածուների հետ, ապա կկողմնորոշվի։
Թե երբ, ժամկետ հայտնի չէ։ Կա՛մ պետք է հոկտեմբերի 23-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ներկայացնի, կա՛մ դեկտեմբերի ընտրություններից հետո՝ արդեն նոր ԱԺ-ին։ Հոկտեմբերին լինելու է ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան։ Եթե վարչապետը, իր խոստման համաձայն, մինչև հոկտեմբերի 16-ը հրաժարական տա, ապա երկշաբաթյա ժամկետից հետո ԱԺ-ն կլուծարվի։ Ի դեպ, ասում են՝ Արմեն Սարգսյանը ձգձգում է թեկնածու ներկայացնելը, որ ՍԴ-ում նոյեմբերի 6-ին քննվի իր հայցը։ Նա ձգձգում է նաև հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի հաստատման հարցը։