12/10/2018 15:15
«Արենդայով» ենք էս աշխարհում ապրում, «արենդադ» լրացավ, թուղթը ձեռքիցդ վերցնում են ու զրո ես դառնում. Ջիվան Գասպարյանը՝ 90 ամյակը չնշելու պատճառի մասին
ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի համար այսօր հոբելյանական օր է. համաշխարհային ճանաչում ունեցող դուդուկահարը դառնում է 90 տարեկան: Ընդունելով Aysor.am-ի շնորհավորանքներն՝ արտիստն ընդգծեց, որ թեև կլոր տարեդարձ է, բայց այսօր որևէ մեծ միջոցառում, խնջույք չի անում: Տրամադրությունն այն չէ:
«Ես այս տարի ծնունդ անելու նպատակ ու ցանկություն չունեմ, դրա համար շատ մեծ պատճառ է հանդիսանում Շառլի մահը: Սպասում էի, որ նա Երևան գա ու այս համերգին միասին մասնակցենք: Միասին ծրագրեր ունեինք, որոշել էինք իրար հետ ձայնագրություններ անել… Ու հիմա չեմ ուզում մեծ հավաքույթ, ուրախություն անել: Ընտանեկան միջավայրում եմ, ովքեր հարգում են, զանգում շնորհավորում են», - հուզմունքով նշեց հոբելյարը:
Այնուամենայնիվ, հանրաճանաչ դուդուկահարը նոյեմբերի 26-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մենահամերգ կունենա՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Յունիբանկի:
Դեռ կեսգիշերից Ջիվան Գասպարյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել. զանգել են ընկերներ ու գործընկերներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ամերիկայից ու աշխարհի տարբեր անկյուններից: Ժամեր առաջ ստացավ նաև ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Հարցին՝ արդյոք ՀՀ վարչապետն ու մշակույթի նախարարը դեռ չեն շնորհավորել հայկական մշակույթը համաշխարհային բեմերում բազմիցս ներկայացրած դուդուկահարին, նրբանկատորեն պատասխանեց.
«Դեռ ոչ, բայց այսօր նրանք շատ զբաղված են, և ես հասկանում եմ: Եթե նույնիսկ չշնորհավորեն, ոչինչ, ես չեմ նեղվի, գլուխները հիմա շատ խառն է»:
Կյանքի 9-րդ տասնամյակ ոտք դրած երաժիշտը խոստովանում է՝ 90 տարին իր համար անցել է մեկ օրվա պես: Իրեն թվում է, թե երազում է:
«Ճիշտ է՝ լավ ու վատ, ուրախ ու տխուր օրեր եմ ապրել, բայց, կարծես, այդ ամենը նոր է եղել, ու ընդամենը մեկ օր եմ ապրել: Չեմ կարողանում պատկերացնել, որ ես 90 տարեկան եմ, շատ արագ են անցնում տարիները: Բայց դե ինչ արած՝ ժամանակը թռնում է, վայելեք այն, ինչ ձեր առջև է», - խորհուրդ տվեց նա:
Ջիվան Գասպարյանի ձեռքբերումների մասին բոլորս կարող ենք խոսել, դրանք շոշափելի են յուրաքանչյուրիս համար, քանզի համազգային ձեռքբերում են: Իսկ այ կորուստներն ու բացթողումները, ինչպես սովորաբար է լինում, միայն իրենն են: Դրանցից չի նեղվում, ասում է՝ մարդն ինչքան ապրում է, այդքան բացթողում ու կորուստ ունի, այդքան գտել է ու դեռ գտնելու բան ունի:
«Մարդն իր ապրած ամեն մի օրը մի բան ձեռք է բերում, մի բան էլ՝ կորցնում: Կյանքը բումերանգ է, ու պետք է խաղաղ ապրենք ու նեղություն չտանք մյուսներին: Պետք է վատություն չանես, քեզ համար հանգիստ ապրես ու քո գործով զբաղվես, ուրիշների գործերի մեջ քիթդ չմտցնես: Քո կյանքով ապրիր: Չգիտեմ, ես արվեստի մարդ եմ ու այդպես եմ ապրել», - ասաց մեր զրուցակիցը:
Ժողովրդական արտիստն ինքն իրեն միայն մեկ մաղթանք ունի՝ առողջ լինի: Նկատում է՝ այս կյանքում ամեն ինչ սին է, պետք չեն ո՛չ հարստություն, ո՛չ էլ նյութական տարատեսակ բարիքներ: Ամենալավ բանն այն է, որ առողջ ես:
«Տեղիցդ վեր կենաս ու դեղի փոխարեն մի բաժակ ծիրանի օղի խմես, գինի խմես, խաշ ու քյուֆթա, պանիր ուտես… Առողջությունն է ամենակարևորը: Մեր կյանքը ժամանակավոր է, էս աշխարհում հյուր ենք, հյուրի նման պիտի մեզ պահենք: «Արենդայով» ենք էս աշխարհում ապրում, «արենդադ» լրացավ, թուղթը ձեռքիցդ վերցնում են ու զրո ես դառնում: Մարդու սեփականությունը միայն իր անունն է, որ վրայից չի վերանում, լինի դրական, թե՛ բացասական, այն միշտ քեզ հետ է, ոչ ոք չի կարող վերցնել քեզանից», - զրույցը եզրափակեց դուդուկահարը:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Ջիվան Գասպարյանին՝ մաղթելով առողջություն ու երկարակեցություն: