13/10/2018 13:20
Երդվում եմ բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները. Հայկ Մարությանը երդվեց (Լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու նիստում նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը երդվեց բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները։
«Ստանձնելով ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը, երդվում եմ՝ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները։ Ազնվորեն ու բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։
Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը ...», - երդման արարողության ժամանակ հայտարարեց Հայկ Մարությանը։
Այնուհետև Երևանի պատմության թանգարանից նիստերի սրահ բերվեց քաղաքապետի լանջաշղթան։ Այն բերեց Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Նշենք, որ քաղաքապետի երդման ստորագրված տեքստը ի պահ է դրվում Երևանի պատմության թանգարանին։