13/10/2018 12:08
Սամվել Մայրապետյանի վերաբերյալ քրեական գործը վերաբերում է 2008 թվականին. ՀՔԾ պետ
Խոշոր գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի վերաբերյալ քրեական գործի մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ձեռնպահ է մնում մանրամասներ հայտնելուց։ Նա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վկայակոչելով Մայրապետյանի փաստաբաններին, ասաց, որ Մայրապետյանին մեղադրանքն առաջադրվել է կաշառք ստանալուն օժանդակելու համար։
Հարցին, թե Մայրապետյանի վերաբերյալ քրեական գործը ի վերջո կապ ունի՞ Մարտի 1-ի հետ, Խաչատրյանը արձագանքեց. «Այդ գործով, որքանով դուք արդեն տեղյակ եք պաշտպանների հրապարակած տվյալներից, մեղադրանքը վերաբերում է կաշառք ստանալուն օժանդակելուն։ Դրանից ավել բան ես չեմ կարող ասել՝ գործի շահերից ելնելով»։
Մյուս հարցին, թե ո՞ր թվականին է առնչվում այդ քրեական գործը, Խաչատրյանը պատասխանեց. «Արդեն իսկ պաշտպաններն ասել են, որ 2008 թվականի մասին է խոսքը»։
Նկատենք, որ ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում գործարար Սիլվա Համբարձումյանը նշել էր, որ Մայրապետյանի վերաբերյալ քրեական գործը առնչություն ունի մարտիմեկյան իրադարձությունների հետ, քանի որ ինքն այդ գործով անցնում է որպես վկա, իսկ Մայրապետյանի պաշտպանները հերքել էին այդ տեղեկությունը՝ նշելով, որ դա բացարձակ կապ չունի այդ իրադարձությունների հետքերով հարուցված քրեական գործի հետ։
Դատարանի որոշմամբ Սամվել Մայրապետյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով։