12/10/2018 23:39
Մարդիկ, այդ թվում՝ ինձ հարազատ, նրան նայելով ասում են՝ լույսի կտոր է. Փաշինյանը՝ Թրյուդոյի մասին (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
Իր բաժակաճառում Ն.Փաշինյանն ասել է, որ ընդունում է շատ պատվավոր մի հյուրի:
«Վերջին օրերին ես անընդհատ մի ձևակերպում եմ լսում Կանադայի իմ գործընկերոջ հասցեին, որը վստահ չեմ, որ հնարավոր է ճիշտ թարգմանել անգելերեն, բայց մարդիկ, այդ թվում՝ ինձ հարազատ, նրան նայելով ասում են՝ լույսի կտոր է: Եվ իսկապես շատ քիչ է պատահում, երբ մարդուն տեսնում ես էկրանին, լուսանկարի մեջ և իրականում ու չես գտնում ոչ մի տարբերություն էկրանի, լուսանկարի և իրականության միջև: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ մարդն իրական է իրականում, իրական է ֆոտոյի մեջ և իրական է հեռուստատեսությունում», - ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով, սա արտահայտում է ժամանակակից մարդու ամենակարևոր ձգտումը՝ լինել իրական, լինել շրջապատված իրական մարդկանցով, ունենալ իրական իշխանություն, իրական կառավարություն, որոնք ապրում են իրականության մեջ և հասկանում են իրական խնդիրները և կարող են խոսել ճշմարտության, այսինքնч իրականության մասին:
«Կարծում եմ, որ պարոն Թրյուդոն մեկն է այն համաշխարհային առաջնորդներից, ում ի հայտ գալը, երևալը քաղաքական բեմահարթակում և բարձունքներում նշանավորեց աշխարհում ծայր առած այն նոր միտումը, երբ մենք արարողակարգերը, կեղծիքները, սուտը փոխարինում ենք ճշմարտությամբ, իրականությամբ և անկեղծությամբ: Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես շատ կարևոր է, ամենակարևոր բանն է, որ մարդիկ ուզում են տեսնել», - նշել է ՀՀ վարչապետը։
Պատասխան բաժակաճառում Կանադայի վարչապետն ասել է, որ «նման հյուրասիրությունների մարտահրավերներից մեկն այն է, որ միակ բանը, որ շատերին բաժանում է այս հաճելի ուտեստներից, իմ ելույթը պետք է լինի»:
«Սա բնավ պաշտոնական ընթրիքի նման չէ, կարծես բարեկամներով նստած լինենք, և այդպես էլ պետք է լինի: Շատ ուրախ եմ ծանոթանալ ձեր երկրի բռնած ուղուն, ձեր երկրի ժողովրդին և ողջունում եմ ձեզ դրա համար: Ներկայումս շատ երկրներ նահանջ են ապրում ժողովրդավարությունից, մատնվում են պոպուլիստական նկրտումների, և ընդհանուր առմամբ, նկատվում է որոշակի հետընթաց: Եվ դուք այսօր Հայաստանում հաստատակամ և հպարտորեն ճիշտ ուղղությամբ եք ընթանում, դուք առաջնորդում եք դեպի ժողովրդավարություն և կարծում եմ՝ հպարտորեն: Եվ ոչ միայն իմ անունից, այլև Կանադայի ձեր հայրենակիցների անունից շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ: Ուրախ եմ այսօր ոչ միայն ներկայացնել մեր պատվիրակությունը, այլև կանադահայերին, որոնց թվում ունեմ բավական շատ բարեկամներ», - ասել է Ջ.Թրյուդոն։
Նա նաև նշել է, որ ՀՀ վարչապետը շատ լավ դիմակայեց նաև ֆրանսերենի մարտահրավերին և հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բոլոր պատվիրակություններին հպարտ ու պատվով նաև իր ֆրանսերենով:
«Քանի որ մենք վերջերս ընդունել ենք Մեծ յոթնյակի գագաթնաժողովը՝ գիտեմ, թե կազմակերպչական ինչ ահռելի ջանքեր է պահանջվում նման գագաթնաժողով կազմակերպելու համար: Պետք է ասեմ, որ դուք պատվով գլուխ հանեցիք դրանից և ուզում եմ հատուկ իմ երախտագիտությունը հայտնել կազմակերպիչների ողջ թիմին: Ինձ համար շատ հաճելի էր բոլորիդ հետ շփվելը, զրուցելը և ուզում եմ կրկին բոլորիդ շնորհակալություն հայտնել գործընկերության համար, այն ճանապարհի համար, որը միասին դեռ պետք է անցնենք», - ասել է Ջ.Թրյուդոն։