15/10/2018 14:31
Հայաստանի քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ ՀՀ տնտեսությունը ¾-ով ռուսական կապիտալով ընկերություններից է կազմված. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ (Տեսանյութ)
Քաղաքական բարեփոխումներով զբաղվելիս չի կարելի մոռանալ ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորման մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:
Aysor.am-ի թղթակիցը նրանից հետաքրքրվեց՝ ազդել են արդյոք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները Հայաստան-Ռուսաստան առևտրի ու ներդրումների ծավալի վրա:
«Քաղաքական այդ իրադարձություններից առաջ մեր համագործակցությունն արդեն կայացել էր: Կասեմ, որ դրանք չեն ազդել այն առումով, որ ամեն ինչ արդեն փորձված ճանապարհով էր գնում: Հատկապես մենք տեսնում ենք, որ քաղաքական մակարդակով Հայասատանն ու Ռուսաստանը պահպանում են ու իրականացնում նախորդ տարիների պայմանավորվածությունները: Այսինքն՝ քաղաքական բաղադրիչի փոփոխություն մենք չենք նկատում, ընդհակառակը՝ տեսնում ենք կոնտակտների ակտիվացում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև: Այլ հարց է, որ չի կարելի քաղաքական բարեփոխումներով զբաղվելիս մոռանալ, որ պետք է շարունակել աջակցել ու նպաստել ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը», - ասաց Ա. Բաբկոն՝ շարունակելով.
«Որոշ իրադարձություններ, որոշ չակերտավոր «բացահայտումներ», իհարկե, ոչ այնքան լավ են անդրադառնում գործընթացի վրա: Բայց, փառք Աստծո, մարդիկ դեռևս չեն կորցնում հույսն ու հավատը և, ես կարծում եմ, այդ ամենը կվերակառուցվի: Վերջիվերջո, հայկական քաղաքական գործիչները պետք է հասկանան՝ ինչից է կազմված Հայաստանի տնտեսությունը, ինչ ընկերություններ են այստեղ աշխատում, եկեք չթաքցնենք, որ ¾-ով դրանք ռուսական կապիտալով ընկերություններն են, ռուսական առաջատար ընկերությունների դուստր ընկերությունները, այնպես որ, իհարկե, քաղաքականությունը ևս պետք է զգույշ լինի այս ուղղությամբ, ես նման կոչ եմ անում»: