15/10/2018 21:27
Ռամզան Կադիրովը Նիկոլ Փաշինյանին և Էմանուել Մակրոնին հրավիրել է Գրոզնի՝ պարի մրցույթ-փառատոնի
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ տեսնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարը Երևանում, հրավիրել է նրանց այցելել Գրոզնի։
Իր Telegram-ալիքում Ռամզան Կադիրովը նշել է, որ ազգային պարերի մեծ սիրահար է, և պարը միավորում է Կովկասի ժողովուրդներին, գրում է РИА Новости գործակալությունը։
«Ինչու՞ անդրադարձա այդ թեմային այսօր։ Հիշեցի, տեսնելով, թե ինչպես են Փաշինյանն ու Մակրոնը գեղեցիկ պարում։ Կարծում եմ՝ «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հրաշալի, բարի և կովկասյան ժողովուրդների համար օգտակար պարային մարաթոնի սկիզբ դառնալ։ Կարծում եմ, որ նախաձեռնությունը կսատարեն հայտնի քաղաքական, հասարակական գործիչները», - նշել է նա։
Նա տեղեկացրել է, որ Գրոզնիում մեկնարկել է Մահմուդ Էսամբաևի անվան միջազգային փառատոն-պարի մրցույթ, որին ներկա են լինում պատվավոր հյուրեր։
«Ուրախ կլինեինք տեսնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին», - նշել է Ռամզան Կադիրովը։