15/10/2018 10:29
Ինչ է իրականում կատարվել «Հանրապետական» մարզադաշտում. FAF-ն ու Red Eagles-ը հայտարարություն են տարածել
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուական՝ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Հայաստան-Ջիբրալթար հանդիպումից հետ բախման հետ։
«Ի պատասխան որոշ լրատվական կայքերում հրապարակված տեղեկության, առ այն, որ բախում է տեղի ունեցել երկրպագուների և ոստիկանների միջև, ցանկանում ենք հայտարարել՝
Ոստիկանների և երկրպագուների միջև բախում չի եղել։ Խաղի վերջնամասում Red Eagles ֆան ակումբի սեկցիայում ֆան ակումբի անդամի կողմից բացվել է Ջիբրալթարի ազգային դրոշը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա, որ մրցակցի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները հաղթանակը սկսել են տոնել մեր մարզադաշտի ֆանատական զոնային մոտ։ Համարելով անարգանք թե' ֆուտբոլասերների, թե' ֆուտբոլիստների նկատմամբ, Առաջին Հայկական Ճակատ (FAF) ֆան ակումբի անդամները հորդորել են հեռացնել այն Հայաստանի հավաքականի երկրպագուների սեկցիայից։ Մերժում ստանալով, հեռացրել են այն սեփական ուժերով։
Հայաստան-Մակեդոնիա խաղին մեր մասնակցության մանրամասների, հավաքականի և ֆուտբոլիստների ցուցադրած անփառունակ խաղի վերաբերյալ հանդես կգանք հավելյալ»,-ասված է հայտարարությունում։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև Red Eagles ֆան-շարժումը։
«Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան-Ջիբրալթար հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի պարտությամբ:
Տեղեկացնում ենք, որ «ակցիան» եղել է ինքնաբուխ, նախապես չքննարկված և չհամաձայնեցված ֆան ակումբի ղեկավար կազմի և ղեկավար խորհրդի հետ և չի արտահայտում ֆան ակումբի պաշտոնական դիրքորոշումը և մոտեցումները։
Red Eagles ֆան ակումբը առաջիկա ժողովի ընթացքում քննարկման առարկա կդարձնի վերոշարադրյալը և կորոշի ֆան ակումբի անդամի պատժի հարցը, ինչի մասին ևս, Red Eagles ֆան ակումբը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ», - ասված է հայտարարության մեջ։