16/10/2018 20:01
Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրահին հեռուստաընկերության եթերում հայտարարեց իր հրաժարականի մասին՝ խորհրդարանի լուծարման և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով:
Հիշեցնենք՝ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը նա հայտնել էր, որ ընտրությունները «մոտավորապես դեկտեմբերի 9-ին-10-ին, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան»։
«Եվ սրա համար ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը», - ասել էր Փաշինյանը:
Ըստ Սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո։