16/10/2018 13:09
Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, օրակարգը Հայաստանինն է. ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա (Տեսանյութ)
Հայ-ամերիկյան միջկառավարական խմբի հանդիպումը կկայանա Հայաստանում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, հավանաբար՝ փետրվարին, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը։
Նա տեղեկացրեց, որ միջկառավարական խումբը Հայաստանի և Ամերիկայի Միացյալ նահանգների միջև երկխոսության հիմնական հարթակներից է և այդ ժամանակ խմբի նիստում կքննարկվի ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների նոր շրջափուլը։
«Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ուղղվող արտաքին աջակցությունն ավելացել է։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ։ Շատ կարևոր է՝ օրակարգը Հայաստանինն է, և մենք պատրաստ ենք մեր ներդրումը, մեր մասնակցությունը ունենալ աջակցելու շատ հարցերում, այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, մենք ունենք այս ոլորտում մեծ փորձառություն, այս հարցում մենք աշխատել ենք Վրաստանի, Ուկրաինայի հետ և հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք այս փորձառությունը փոխանցել նաև Հայաստանին՝ հայաստանյան լուծումների հստակեցման համար», - հայտարարեց Քենթը։
Ինչ վերաբերում է Հայաստանում ամերիկյան ներդրումների իրականացմանը, Քենթը նշեց, որ այսօր արդեն հասցրել է հանդիպում ունենալ հայ-ամերիկյան առևտրային պալատում ու քննարկել տնտեսական ոլորտի մարտահրավերների մասին։ Քենթն ասաց, որ այս հարցերում պատրաստ են աշխատել Հայաստանի հետ։
«Խոշոր ներդրում կա, որը ներկայումս վերանայվում է։ Մենք անչափ կարևորում ենք, որ պայմանագրերի նկատմամբ հարգանքը ապահովվի. Դա խթան կլինի ներդրողների համար այստեղ ներդրումներ իրականացնելու, աշխատատեղեր ստեղծելու, որ մարդիկ կարողանան այստեղ արժանապատվորեն աշխատել», - նշեց Քենթը։