16/10/2018 11:21
Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է լինել Մադրիդյան սկզբունքների հիման վրա. ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա
ԱՄՆ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահության ջանքերին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը։
Նա տեղեկացրեց, որ վերջին ժամանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում և ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աջակցում են, որ կողմերը միասին խոսեն, ունենան շփումներ։
«ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան համանախագահ երկրներ են, և Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասին հանդիսանում են ԵԱՀԿ անդամ երկրներ։ Մեր բոլոր երկրները ընդունում են ԵԱՀԿ ստանդարտները, որոնք հայտնի են «Մադրիդյան սկզբունքներ» անվանմամբ, որի մեջ մտնում են՝ ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը։ Յուրաքանչյուր երկիր կարող է իր ուրույն մեկնաբանությունն ունենալ այս ամենի նկատմամբ, բայց խնդրի լուծումը կարող է լինել այս սկզբունքների հիման վրա», - հայտարարեց Քենթը։