16/10/2018 20:24
Հրաժարականից հետո էլ շարունակելու եմ կատարել վարչապետի սահմանադրական լիազորությունները. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից։ Իր հայտարարությունում նա նշեց՝ հրաժարականի նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:
«Այս հրաժարականի նպատակը վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ներկայացրեց հրաժարականին հետևող ընթացակարգն ու արտահերթ ընտրություններին հասնելու ճանապարհային քարտեզը՝ նշելով, որ ինչպես ինքն, այնպես էլ կառավարության անդամները հրաժարականներից հետո շարունակելու են կատարել իրենց պարտականությունները:
«Այս ողջ ընթացքում կառավարության անդամները շարունակելու են իրենց պարտականությունների կատարումը, ես շարունակելու եմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանադրական լիազորությունները, ասել է թե, շարունակելու եմ լինել ժողովրդի հաղթանակի երաշխավորը ու եթե դեկտեմբերին կայանալիք ընտրություններում դուք վստահության քվե տաք մեր քաղաքական ուժին, ես կվերընտրվեմ ՀՀ վարչապետի պաշտոնում», - ասաց Ն. Փաշինյանը՝ շարունակելով.
«Շատերը մտավախություն ունեն և հարց են հնչեցնում. իսկ եթե խորհրդարանական ուժերը վարչապետի ուրիշ թեկնածու առաջադրեն, արդյոք մենք պատրաստ ենք նման սցենարի: Ես նույնիսկ չեմ ուզում ասել, թե հոկտեմբերի երկուսի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք առավել քան պատրաստ ենք ցանկացած սցենարի, որովհետև ժողովրդի կամքի ու ցանկության առաջ չի կարող կանգնել որևէ ուժ: Բայց հիմա չեմ ուզում որևէ նման սցենար քննարկել նույնիսկ, որովհետև ինչքան էլ հակասություններ, սուր բանավեճեր ունենանք խորհրդարանական մի շարք ուժերի հետ, չեմ կարող մտածել, թե նրանք ժողովրդի և Հայաստանի ազգային անվտանգության դեմ գործելու նպատակ ու մտադրություն ունեն»:
ՀՀ վարչապետի խոսքով՝ խորհրդարանական ուժերը ցույց են տվել, որ անկախ բոլոր հակասություններից ու տարընթերցումներից՝ պետությունը, նրա կայունությունն ու անվտանգությունը կարմիր գիծ են նաև նրանց համար:
«Հավատում եմ, որ նրանք երբեք այդ գծերը չեն անցնի, մանավանդ որ թե′ ՀՀԿ, թե′ Ծառուկյան դաշինք, թե′ ՀՅԴ խմբակցությունները հրապարակային հայտարարել են, թե չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ վարչապետ ընտրել:
Նաև ուզում եմ Ազգային ժողովի նախկին մեծամասնության ներկայացուցիչներին ասել, որ մենք, այո′, քննադատել ենք և քննադատում ենք ձեզ, բայց սա չի նշանակում, թե Հայաստանում թշնամիներ ենք փնտրում կամ պիտի փնտրենք: Իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում ասել եմ, հիմա էլ ուզում եմ կրկնել. Հայաստանում, հայության շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենա: Ուզում եմ քաղաքական բոլոր ուժերին հաջողություն մաղթել արտահերթ խորհրդարանական ընտրություններում և հաստատել, որ մեր կառավարությունը երաշխավորելու է ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ չնայած հրաժարականը ֆորմալ է, սակայն պահը հուզիչ է:
«Հուզիչ է, որովհետև սրանով մենք ամփոփում ենք մեր հեղափոխության հերթական փուլը և մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան: Եվ հիմա, անդրադառնալով իմ վարչապետության անցած հինգ ամիսներին, ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր անսահման աջակցության և վստահության համար: Նաև ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում ինչ-որ բանով հիասթափեցրել եմ, ում արդարացի և օրինական հույսերը չեմ արդարացրել, ում ոգևորությունը որևէ կերպ ստվերել եմ: Բայց, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ իմանաք միանշանակ և աներկբա. ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են և թևեր են տալիս ինձ և ուժ են տալիս ինձ՝ ձեր դիմաց կանգնելու և վստահաբար ասելու՝ ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու:
Պատրաստեք ձեզ նորանոր հաղթանակների և պատրաստվեք նոր ու հզոր, ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցմանը:
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, համբուրում եմ բոլորիդ», - իր հրաժարականի մասին հայտարարությունն ամփոփեց ՀՀ վարչապետը։