16/10/2018 12:39
Ներքաղաքական զարգացումները դանդաղեցրել են բարեփոխումների ընթացքը. Աշոտյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման մասին
ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման գործընթացի արագությունն ու բարեփոխումների խորությունը շատ հեռու է ցանկալիից, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից: Այսօրվա դրությամբ դրանով նախատեսված լուրջ խորքային որևէ մի բարեփոխում արված չէ Հայաստանի կողմից: Հասկանալի է, որ ներքաղաքական զարգացումները իրենց դրոշմն են թողել ու դանդաղեցրել են բարեփոխումների ընթացքը, բայց ցավոք, պետք է արձանագրեմ, որ մեր կառավարությունը չընդգրկեց ՍԵՊԱ-ն, որպես իր կառավարության ծրագրի կարևոր մաս, այդ դեպքում մենք կունենայինք աշխատանքի հետաքրքիր ճանապարհային քարտեզ», - նշեց Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ ամենամեծ խնդիրը համաձայնագրի կիրարկման անբավարար արագությունն է: Ըստ նրա՝ կա նաև քաղաքական որոշման խնդիր.
«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ Հայաստանը չունի անգամ ընթացիկ ավարտվող տարվա համար տարեկան գործողությունների ծրագիր, թե որ ոլոտում ինչ բարեփոխումներ պետք է անի: ՍԵՊԱ-ի նիստը վաղն է, հուսամ, որ գոնե Հայաստանի կողմից ճանապարհային քարտեզի մշակում կլինի, որովհետև, մեղմ ասած, շատ զարմանալի է, անգամ տարակուսելի, որ տարին մոտենում է ավարտին, բայց Հայաստանը չունի ՍԵՊԱ-ով նախատեսված գործողությունների ծրագիր», - ընդգծեց նա: