16/10/2018 17:36
ԱՄՆ դեսպանը ԼՂ կարգավորման մասին որևէ նոր բան չի ասել, իսկ բանակցային գործընթացը պետք է որոշ չափով բացել հանրության համար. քաղաքագետ
Ղարաբյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը պետք է որոշ չափով բացվի հանրության համար, պետք է ապահովել որոշակի թափանցիկություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Անդրադառնալով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հնչեցրած մտքին, որ «ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ», քաղաքագետը նշեց՝ դեսպանը որևէ նոր բան չի ասել:
«Ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր թյուրըմբռնումների պատճառը տարիներով շարունակվող փակ, շատ խիստ փակ ֆորմատով բանակցային գործընթացն է, որի զարգացումների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը միշտ եղել է խիստ ցածր։ Բացի այդ, Ղարաբաղյան կարգավորումը, սկսած 1998թ.-ից նույնիսկ ավելի շուտ՝ 1997թ.-ից, եղել է ներքաղաքական շահարկումների առարկա և մի թեմա, որի շուրջ բազմաթիվ կոսնպիռոլոգիական տեսություններ են հյուսվել, որոնք էլ հենց նման դյուրագրգիռ արձագանքների պատճառ են հանդիսացել։ Ի վերջո, պարոն Միլսը որևէ նոր բան չի ասում։ Պարզապես այստեղ պետք է նաև ավելացնել, որ այդ թեմայով խոսակցությունը ներկայումս ժամանակավրեպ է, քանի դեռ Ադրբեջանի համար Ղարաբաղյան հակամարտության միակ կարգավորումը մինչպատերազմական ստատուս քվոն է», - ասաց քաղաքագետը:
«Ի վերջո, այնպես չէ, որ Ադրբեջանը պետք է մնա իր կարծր դիրքում, իսկ հայերը սկսեն քննարկել, կամ մանավանդ՝ Ադրբեջանին խնդրել «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» բանաձևով լուծում ստանալու համար», - ընդգծեց նա:
Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, բանակցային գործընթացը որոշ մասով պետք է բացվի հանրության համար, որոշակի թափանցիկության անհրաժեշտություն կա։
«ժամանակին գործընթացը մի քիչ ավելի բաց էր, քանի որ կային նաև երկրորդ, երրորդ, չորրորդ խողովակներ։ Օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հանրությունների միջև կոնտակտ կար՝ պաշտոնական կոնտակտների հարթությունից դուրս։ Բայց նույնիսկ այդ հարցում Ադրբեջանը գնաց դիրքորոշումների կարծրացման և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության այն հատվածը, որը կոնտակտ էր պահպանում իր հայ գործընկերների հետ կամ բանտում հայտնվեց, կամ արտագաղթեց երկրից», - ասաց Ռուբեն Մելիքյանը:
«Ամեն դեպքում այս խոսակցությունները կմնան ժամանակավրեպ, քանի դեռ տարրական վստահության մթնոլորտ չի ձևավորվել։ Բանակցային գործընթացը երկկողմանի երթեկությամբ ճանապարհ է», - նշեց նա: