16/10/2018 17:10
Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները հետնահանջ էին. Վիգեն Սարգսյան
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հապճեպությունը պայմանավորված է նրանով, որ գործադիրը համարում է՝ իր համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել ընտրություններ անցկացնելու համար, լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և ՀՀԿ-ի հետ հանդիպումից հետո:
«Այսօր գործադիր իշխանություն ունեցող քաղաքական ուժը համարում է, որ նպաստավոր պայմաններ են իր համար ընտրություններ անցկացնելու և դիմում է մի քայլի, որը մեծ վնաս է հասցնում ժողովրդավարությանն ու Հայաստանում քաղաքական կուսակցությունների կայացման գործըթնացին: Ցավում եմ դրա համար», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Նրա դիտարկմամբ՝ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները, ի տարբերություն նախկին քննարկումների, որոնք ծնեցին 4+4+4 ձևաչափ, հետնահանջ է:
Վիգեն Սարգսյանը նկատեց, որ Ընտրական օրենսգիրքը օրեր առաջ է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով՝ այն էլ ոչ վերջնական տարբերակով, իսկ Արարատ Միրզոյանն այսօր իրենց հետ հանդիպմանը նշել է, որ վստահ է՝ ուղիղ պատասխան օրենսգրքի վերաբերյալ չեն հասցնելու ստանալ և գուցե ինչ-որ մեկը հարցազրույցով հանդես գա ու կարծիք հայտնի:
«Դա անհարգալից վերաբերմունք է Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ: Ավելի հեշտ էր չուղարկել այդ օրենսգիրքը, ասել՝ արտակարգ իրավիճակ է, ինքներս ենք որոշում, ոնց ուզում ենք, գնում ենք առաջ», - ասաց նա:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ դեռևս չկա կուսակցական որոշում՝ կմասնացի՞ ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին, թե ոչ, բայց, իր կարծիքով, կուսակությունները ստեղծվում են, որ պայքարեն իշխանության համար, գան իշխանության, կորցնեն իշխանությունը, դառնան ընդդիմություն, նորից պայքարեն իշխանության համար ու դառնան մեծամասնություն:
«Այն կուսակցությունը, որը իշխանությունը կորցնելուց հետո քաղաքական դաշտից սրբվում գնում է, արկածախնդիրների կուսակցություն է», - ասաց Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն ունի դիրքորոշում երկրի համար կարևոր հարցերում: