16/10/2018 16:45
ՀՀԿ-ն ասելիք ու անելիք ունի. Աշոտյանը կարծում է, որ Հանրապետականը պետք է մասնակցի ընտրություններին
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հաստատում է տեղեկությունները, որ ՀՀԿ-ի ներսում խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասով կարծիքները տարբեր են։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ ՀՀԿ-ում մի մասը տարբեր հիմնավորումներով պնդում է, որ պետք է մասնակցել ընտրություններին, իսկ մի մասն էլ պնդում է «բաց թողնել այս ընտրական ցիկլը»։
«Կուսակցությունը վերջնական որոշում չունի և պարզ է՝ ինչու, դեռ ընտրությունների օր նշանակված չէ։ Այս փուլում հասարակական կարծիքի ուսումնասիրություններ են իրականացվում, մոնիտորինգ, հետազոտություններ են կատարվում։ Երբ նշանակվեն արտահերթ ընտրություններ, մեր որոշումը կհրապարակենք», - ասաց Աշոտյանը։
Նրա կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունը Հայաստանի քաղաքական կյանքում «ասելիք ու անելիք ունի»։ Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ-ն գաղափարական հիմք ունեցող կուսակցություն է և «վերջին տարիներին հաջողվել է այդ ակունքները զուլալ, բյուրեղ պահել»։
«Հայաստանի քաղաքական մշակույթն է պահանջում, որ ցանկացած նախորդ իշխանություն չանհետանա քաղաքական բեմից, որովհետև այդ նախորդ իշխանությունը կրում է ինստիտուցիոնալ հիշողություն, նախորդ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, արատավորված չլինելով այս կամ այն սկանդալի մեջ, կարող են օգտակար լինել քաղաքական կյանքում», - հայտարարեց Աշոտյանը։