16/10/2018 15:51
ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ. ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը չի կարծում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:
EVN Report-ին տված հարցազրույցում Ռ.Միլսն ասել է, որ հայ ժողովուրդը պետք է որոշի` կարգավորման որ տարբերակին է պատրաստ:
«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել և պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի», - ասել է Ռիչարդ Միլսը:
Նրա խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմն ավելի է սրել հայերի ընկալումները:
«Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ», - ասել է դեսպանը: