16/10/2018 16:09
Չկա ոչ մի ապացույց Լիդիան ընկերության կողմից կոռուպցիայի դրսևորման վերաբերյալ. ԱՄՆ դեսպան
Չկա ոչ մի ապացույց Լիդիան ընկերության կողմից կոռուպցիայի դրսևորման վերաբերյալ, EVN Report-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
ԱՄՆ դեպսանը մտահոգություն է հայտնել, որ ծրագիրը նույնիսկ չէր սկսել հանքարդյունահանումը:
«Ծրագիրը դեռ շինարարության փուլում է, և ստացվում է, որ հանքավայրը փակվել է առանց բնապահպանական որևէ իրական վտանգի առկայության», - ասել է Միլսն՝ ընդգծելով.
«Նույնիսկ եթե ընդունեմ, որ խնդիրը բնապահպանական մտահոգություններն են, միամտություն է մտածել, որ կարելի է այսպես վարվել և դա հետևանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության տեսակետից»։
Ըստ նրա, Ամուլսարը բնապահպանության տեսանկյունից լավագույն չափանիշներով աշխատող ծրագիր է:
«Որևէ կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված լինելու ապացույց չկա, մինչդեռ աշխատանքները դադարեցվել են առանց կառավարության կողմից իրավական որոշման», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն՝ ավելացնելով.
«Չեմ կարծում, որ սա այդ դեպքն է, որ արդարացնում է հարյուրավոր մարդկանց աշխատանքի կորուստը և այս ներդրման չեղարկումը։ Սա իսկապես առաջացնում է ներդրումային խնդիր և սա սպառնալիք չէ, սա մի բան է, որ ես ուրախ չեմ ասել: Բայց ես նախ և առաջ պատասխանատու եմ ԱՄՆ-ի և ԱՄՆ քաղաքացիների և ներդրողների առաջ, և եթե նրանք ինձ հարցնեն, ես նրանց ասելու եմ, որ դուք պետք է տեղյակ լինեք, որ Լիդիանի հետ նման բան է տեղի ունեցել, և պետք է ինքներդ եզրակացություններ անեք: Եվ ինձ մտահոգում են այն եզրակացությունները, որոնց նրանք կհանգեն»։