16/10/2018 16:59
«Ժառանգությունը» դեռ որոշում չի կայացրել՝ կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ
Այս պահին որևէ որոշում չկա՝ «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։
«Ընդամենը քննարկումներ են սկսել։ Ամենայն հավանականությամբ, հետևելով քննարկումների ընթացքին, կարծում եմ, որ «Ժառանգությունը» կմասնակցի ընտրություններին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է մասնակցության ձևաչափի վերաբերյալ հարցին՝ միայնակ թե դաշինքով, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.
«Այդ հարցն ամբողջովին բաց է։ Բոլոր տարբերակներն էլ քննարկվում են, և՛ առանձին մասնակցելու, և՛ դաշինքով, դաշինքի պարագայում ինչպիսի դաշինք, ում հետ և այլն։ Այդ բոլոր հարցերը դրված են սեղանին»։
Արմեն Մարտիրոսյանն ասաց նաև. «Ակնհայտ է, այս պահին հայտարարել ենք, որ իշխանությանն աջակցելու ենք և քանի դեռ ընտրություններ տեղի չեն ունենալու, օրակարգում չի քննարկվելու հարցը, իշխանական հայացքներ ենք ունենալու, թե՝ ընդդիմադիր։ Ընտրությունից հետո արդեն պարզ կլինի»։