16/10/2018 19:44
Հոգեբանորեն ես այս հանգուցալուծմանը պատրաստ էի. Նորա Գրիգորյանը՝ Ռուսական թատրոնում գեղարվեստական ղեկավարի նշանակման մասին
Երեկ մեզ տեղեկացրել էին, որ այսօր ասուլիս է լինելու ու հայտարարվելու է թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարի անունը, բայց, ճիշտն ասած, այս որոշումը, մեր տնօրենի պահվածքը ես չեմ հասկանում, Aysor.am-ի հետ զրույցում, անդերադառնալով Ֆրեդ Դավթյանի՝ Կարեն Ներսիսյանին ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակելու որոշմանը, ասաց թատրոնի երիտասարդ ռեժիսոր Նորա Գրիգորյանը:
«Թատրոնում հրավիրված վերջին ժողովի ժամանակ Ֆրեդ Դավթյանը հայտարարեց, որ իմ թեկնածությունն է պաշտպանում: Բացի այդ, եթե ի սկզբանե հնարավորություն կար, օրենքը թույլ էր տալիս, որ անձամբ որոշեր, թե ով է լինելու թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ապա ինչո՞ւ է հիմա, այն էլ՝ այսքան կտրուկ որոշում կայացնում: Ինչո՞ւ նախարարությունը տեղյակ չի այս ամենի մասին: Ինչո՞ւ ես այս հարցի պատճառով պետք է որոշ չափով լարված հարաբերությունների մեջ լինեմ դերասաններից մի քանիսի հետ: Բայց դե, թատրոնի տնօրենն է, երևի թե, գիտի՝ ինչ է անում», - նշեց մեր զրուցակիցը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում 5 անուն էր շրջանառվում, որոնցից մեկն էլ Նորա Գրիգորյանի անունն էր: Դիտարկմանը, թե Ֆրեդ Դավթյանն ակնարկեց, որ երիտասարդ ռեժիսորին թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում չտեսավ միայն տարիքի ու փորձի պակասի պատճառով, ի վերջո տարի՞քը, թե՞ Ալեքսանդր Գրիգորյանի դուստր լինելը խանգարեց, որ գեղարվեստական ղեկավարի ղեկն իրեն չհանձնվի, 25 ամյա բեմադրիչը ժպիտով պատասխանեց.
«Այսօր բոլոր բնագավառներում երիտասարդ կադրերի են ընտրում: Ինչո՞ւ ոչ նոր ու երիտասարդ շունչ: Դե, եթե այդպես է, թող հստակեցնեն՝ ո՞ր տարիքից է, որ կարելի է լինել պետական հիմնարկի գեղարվեստական մասի ղեկավար: Իմ հայրը 27 տարեկանից է սկսել ղեկավարել… Իհարկե, Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը լինելը կարևոր դեր խաղաց, բայց երևի ոչ թե Ֆրեդ Դավթյանի, այլ՝ նախարարության համար: Գիտեմ, որ այնտեղ խոսակցություններ կային, երբ կարդացել էին իմ ծրագիրը, որտեղ ես պարբերաբար կրկնել էի «մեր թատրոնը» արտահայտությունը, իրենց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե ես ուզում եմ ասել՝ իմ պապայի թատրոնն իմ թատրոնն է: Ոչ, ես այս թատրոնի աշխատակից եմ, ու, բնականաբար, սա մեր թատրոնն է: Ինչ վերաբերում է ժառանգականությանը, ապա դա բոլորովին այլ կերպ է փոխանցվում. օրինակ, եթե հայրս իր կենդանության օրոք իր տեղը զիջեր ինձ: Ես քիչ աշխատանք չեմ արել, նույն Ֆրեդ Դավթյանին քիչ չեմ ապացուցել, որ կարող եմ շատ բարդ իրավիճակներում ճիշտ ելք գտնել»:
Ամռանը Կարեն Ներսիսյանը Հայաստանում էր գտնվում, հանդիպել է թատրոնի անձնակազմից մի քանիսին: Նորա Գրիգորյանն այդ ընթացքում նրան միայն մեկ անգամ է տեսել: Խոստովանում է՝ առաջին հայացքից խելացի ու զուսպ մարդու տպավորություն է թողել:
«Թատրոնում ժողով ունեցանք ու այդ ժողովի ժամանակ նրան տեսա: Գիտեք, աշխատանքային պրոցեսը շատ է տարբերվում կենցաղային շփումից, այսպես դժվար է կարծիք հայտնել: Օրինակ, ես փորձերի ժամանակ կարող եմ հունից դուրս գալ, գոռալ, բայց սովորական շփման մեջ դառնալ ամենապոզիտիվ ու ընկերասեր մարդը: Ամեն դեպքում, արտաքինից նա ինձ վրա լավ տպավորություն է թողել: Շատ լավ ռուսերեն է խոսում, ինչը ռուսական թատրոնի համար առավելություն է», - ընդգծեց նա:
Նորա Գրիգորյանը նեղացած չէ ո՛չ թատրոնի այսօրվա ղեկավար կազմից, ո՛չ էլ գործընկերներից: Ասում է՝ շարունակելու է աշխատել ու արարել հենց այս թատրոնում:
«Առհասարակ, ես կոնֆլիկտային մարդ չեմ, թատրոնում իմ գերխնդիրը ստեղծագործելն է: Ես այս թատրոնի մասնիկն եմ, սիրում եմ իմ աշխատանքը: Ես երբեք անձնական հարաբերությունները չեմ խառնում գործնականին, այ դա հայրիկիցս եմ ժառանգել: Ես այստեղ եմ գալիս՝ իմ սիրած գործն անելու, մնացած ոչինչ ինձ չի հետաքրքրում: Չեմ նստում գրիմանոցներում բամբասում, քննարկում.. Գալիս եմ աշխատանքի ու գնում տուն: Թատրոնում իմ միակ առաքելությունը սիրածս գործով զբաղվելն է: Հոգեբանորեն ես այս հանգուցալուծմանը պատրաստ էի, այս մեկ տարվա մեջ եղած բոլոր փուլերն ինձ համար իսկապես սպասելի էին: Կարծում եմ՝ նաև գիտեմ, թե հետո ինչ է լինելու», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց երիտասարդ բեմադրիչը: