16/10/2018 18:12
Որոշումս միանձնյա է. Ֆրեդ Դավթյանը Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանին
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի մոսկվայաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանն, ով իր առաջին քայլերը սկսել է հենց այս թատրոնից՝ նաև շուրջ մեկ տարի աշխատելով որպես բեմի բանվոր, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրեդ Դավթյանը:
«Քանի որ մենք կորցրել ենք հրաշալի ու աննախադեպ գեղարվեստական ղեկավարի (Ալեքսանդր Գրիգորյան, հեղ.), ընտրության հարցը շատ ավելի դժվարացավ ու երկար ժամանակ պահանջեց: Հինգ թեկնածուից մնացել էր երկուսը՝ Սուրեն Շահվերդյանն ու Կարեն Ներսիսյանը: Ինձ համար կարևոր է այն հանգամանքը, որ Կարեն Ներսիսյանը գեղարվեստական ղեկավարի փորձ ունի: Իմ համոզմամբ՝ նա տիրապետում է հոգեբանական թատրոնին, այն ոճին, որին թատրոնը մնում է և մնալու է հավատարիմ: Սուրեն Շահվերդյանի թատրոնը հիմնականում պլաստիկ թատրոնն է: Իհարկե, կարելի է այդպիսի 1-2 ներկայացում ունենալ խաղացանկում, բայց, այնուամենայնիվ, ինձ ավելի հոգեհարազատ էր Կարենի ծրագիրն ու ձեռագիրը, գեղղեկավարի փորձը: Հրամանը ստորագրել եմ այսօր՝ մեկ տարի ժամկետով», - մանրամասնեց տնօրենը:
Դիտարկմանը, որ նախարարությունը որոշել էր մեկական բեմադրության հնարավորություն տալ թեկնածու ռեժիսորներին՝ Սուրեն Շահվերդյանին և Կարեն Ներսիսյանին, ապա նոր ընտրություն կատարեր, այնինչ տնօրենն այս պահին անտեսել է այդ պայմանավորվածությունն ու անձամբ է որոշել՝ ո՞ւմ նշանակել, պատասխանեց.
«Այո, ես որոշեցի միանձնյա որոշում կայացնել, և այդ մասին նախարարությունը կիմանա այս ասուլիսից հետո: Դա թատրոնի տնօրենի իրավասությունն է, օրենքն է այդպես պահանջում: Վստահ եմ, որ տվյալ պարագայում կատարում եմ ճիշտ ընտրություն: Նախարարությունից ամիսներ առաջ եկել ծրագրեր են հավաքել, ներկայացումներից հատվածներ և այլն: Ես գտնում եմ՝ յուրաքանչյուրը կարող է գեղեցիկ ծրագիր կազմել, բայց այն իրականացնելն այլ խնդիր է: Եվ հետո, այս ամենը երկար չէր կարող շարունակվել, կոլեկտիվի համբերությունն էլ սահման ունի, մարդիկ ուզում են նորմալ հունի մեջ ընկնել ու աշխատել: Ինչ վերաբերում է 1-ական ներկայացում բեմադրելուն, 1 ամիսը բավարար չէ նորմալ ներկայացում պատրաստելու համար, էլ չասեմ այն գումարների մասին, որոնք պետք է ծախսվեին այդ ներկայացումների վրա»:
Իսկ թե այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված, որ ի սկզբանե չնշանակեց գեղարվեստական ղեկավարին, խոստովանեց.
«Տեղի ունեցավ սխալ. նախարարության նոր ղեկավարները հայտարարեցին, թե գեղարվեստական ղեկավարին պետք է ընտրի թատրոնի կոլեկտիվը: Մեր տարաձայնությունները հենց այդտեղից սկսվեցին, թատերական ոլորտում նման բան հնարավոր չէ: Կոլեկտիվը մասնատվում է»:
Ի պատասխան նկատառմանը, թե հնարավո՞ր է տնօրենի՝ ոչ ի նպաստ Սուրն Շահվերդյանի որոշումը պայմանավորված է վերջինիս այն հայտարարությամբ, որ մեր ժամանակներում այդպիսի թատրոն չի կարող լինել ու ինքը արմատական փոփոխություններ է անելու, Ֆ. Դավթյանը մեջբերեց.
«Սուրեն Շահվերդյանն իմ կոլեգան է, արվեստագետ է, ու բոլորը շատ լավ գիտեն, որ ես ոչ մի կոլեգայի չեմ վիրավորել ու չեմ վիրավորի: Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» պիեսում կա փոքրիկ ակնարկ՝ «он просто неудачно пошутил»: Նույնն էլ ես կասեմ իմ կոլեգայի առումով: Նաև կասեմ, որ այս որոշումն ընդունելիս իր արտահայտությունները հաշվի չեմ առել»:
Ինչ վերաբերում է թատրոնի անձնակազմին, այն հիմնականում երկու մասի է բաժանված. մի մասը Կարեն Ներսիսյանի, մյուսը՝ Սուրեն Շահվերդյանի կողմնակիցներն են: Ֆրեդ Դավթյանը կոչ արեց թատրոնի ամբողջ անձնակազմին՝ հարգել իր որոշումը, անտեսել տարաձայնություններն ու միախմբվել թատրոնի շուրջ:
Թատրոնի տնօրենն իր խոսքում ևս մեկ անգամ ցավով ու հարգանքով հիշեց շուրջ մեկ տարի առաջ կյանքից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանին՝ ընդգծելով, որ նա անփոխարինելի գործիչ էր ոչ միայն թատրոնում, այլև՝ Հայաստանում ու աշխարհում ընդհանրապես:
«Նրա հետ մեր թատրոնը կորցրեց իր դրոշը, հիմնը: Ոչ մի թատրոն չի կարող գոյություն ունենալ՝ առանց իր գեղարվեստական ուղղվածությամբ ղեկավարի: Թատրոնի ոճը, ուղղվածությունը, խաղացանկը կառուցելը հենց գեղարվեստական ղեկավարի պարտականությունն է, ու առանց նրա շատ դժվար է: Այս ընթացքում ոչ մի վայրկյան թատրոնը կանգ չի առել, շարունակվում էին բեմադրությունները», - նշեց նա:
Անդրադառնալով Ալեքսանդր Գրիգորյանի դստերը՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանին, տնօրենը նկատեց, որ նա հաստիքով միակ ռեժիսորն է թատրոնում: Շատ լավ է տիրապետում Ալեքսանդր Սամսոնիչի ոճին, թատրոնի հոգեբանական առանձնահատուկությանը:
«Իմ խորին համոզմամբ՝ նա այս թատրոնի ապագան է: Բայց նա դեռ երիտասարդ է: Միշտ ասել եմ՝ նա շատ հարմար թեկնածու կլիներ, եթե ունենար ավելի շատ փորձ: Նա այդ փորձը ձեռք կբերի՝ շարունակելով աշխատել իր հարազատ թատրոնում», -հավատացրեց Ֆ. Դավթյանը:
Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Մշակույթի նախարարությունը պատրաստվում է փակել ռուսական թատրոնը: Տնօրենը հերքեց խոսակցությունները՝ մեկտեղ նշելով, որ նախարարության կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թատրոնում ստեղծված խնդրին:
«Մեր հարևան երկրի թղթակիցներն էլ դա տարածել ու ուրախացել են: Բայց սա բացարձակ չի կարող մոտ լինել իրականությանը: Ուզում եմ հատուկ նշել՝ թե՛ նախարարը, թե՛ փոխնախարարը մեծ ուշադրություն են ցուցաբերել թատրոնին», - ընդգծեց բանախոսը:
Նորանշանակ գեղարվեստական ղեկավարը ներկա պահին գտնվում է Վոլգոգրադում՝ ներկայացում է հանձնում: Երևանում կլինի նոյեմբերի 10-ին: Տնօրենի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում նա կբնակվի Հայաստանում՝ իր հայրական տանը: