16/10/2018 17:33
2019 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներով
2018-2019 թվականների համերգաշրջանի ընթացքում, որը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալու մի շարք նախաձեռնություններով, հետաքրքիր ծրագրերով։ Հոկտեմբերի 18-ին մեկնարկելու է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115 ամյակին։ Այն մինչև նոյեմբերի 13-ը ունկնդիրներին կներկայանա սիմֆոնիկ և կամերային համերգներով, մեծահամբավ մենակատարներով, հարուստ երկացանկով՝ երաժշտասերներին մատուցելով անկրկնելի համերգային երեկոներ։ Փառատոնի շրջանակներում ընդգրկված է 9 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային։ Հայաստանում գործունեություն ծավալող արտիստները հանդես կգան փառատոնի շրջանակում:
Ելույթ կունենան նաև այլ կոլեկտիվներ, արտիստներ, ովքեր հայ չեն, բայց կատարում են Խաչատրյանի երաժշտությունը. աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին հոկտեմբերի 31-ին կկատարի Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը: Հանդես կգան նաև թավջութակահար Ալեքսանդր Ռամը, ջութակահար Դանիել Ռոնը և այլք։ Փառատոնի շրջանակներում սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա հետաքրքիր նախագծով՝ «Խաչատրյան նոն-ստոպ», որի ընթացքում կներկայացվի Խաչատրյանի կինոերաժշտությունը։
2019թ. փետրվար-մարտ ամիսներին կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը։
Այս համերգաշրջանի ընթացքում Սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի բազում համերգներ, հանդես կգան հետաքրքիր մենակատարներ: Նախատեսված է ավելի քան 25 համերգ: Նվագախումբը հյուրախաղերի տարբեր հրավերներ է ստանում: Կոլեկտիվն ունի հետաքրքիր երկացանկ և արտերկրից հրավերներ ստանալիս մշտապես փորձում է ներկայացնել հայկական սիմֆոնիկ երաժշտությունը:
2019-ին նվագախումբը հանդես կգա Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներով։
Նախորդ՝ 2017-2018 թվականների համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունեցել է 48 համերգ. առաջինը՝ Լոնդոնում՝ «Գրամոֆոն» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում։ Անցած համերգաշրջանում անցկացվեցին Խաչատրյանի 5-րդ միջազգային, Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ, մերօրյա լեգենդ Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված հոբելյանական, «Արմենիա» միջազգային փառատոները։ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կայացավ Սիմֆոնիկ նվագախմբի աննախադեպ ելույթներով։ Նվագախմբին ունկնդրել է 23931 հանդիսատես, 10252-ը՝ արտասահմանում, 1 միլիոն 624 հազար առցանց դիտում՝ առցանց հեռարձակված 26 համերգների ընթացքում։
Նվագախմբի կազմում ակտիվ գործունեություն են ծավալում 5 անսամբլները։
Հայկական երաժշտական շտեմարանը կհարստացնեն Սիմֆոնիկ նվագախմբի 158 աուդիո և 140 վիդեո ձայնագրությունները։ Նախորդ համերգաշրջանի ընթացքում կոլեկտիվի հետ ելույթ է ունեցել 18 երկիր ներկայացնող 47 արտիստ՝ անվանի երաժիշտներ, որոնց կատարումները զարդարում են աշխարհի լավագույն բեմերը։