16/10/2018 13:36
Ջիբրալթարի հետ խաղը ոնց որ սև թուղթ լիներ. Արթուր Վանեցյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը խայտառակություն է համարում Ջիբրալթարին կրած պարտությունը։
Aysor.am-ի հարցին՝ պատժվողներ եղե՞լ են Ջիբրալթարի հիմնի փոխարեն Լիխտեյնշտեյնի հիմնը միացնելու համար, ՀՖՖ նախագահն ասաց՝ այո։
Արթուր Վանեցյանը նշեց, որ շատ խիստ է զայրացել ու ասել է անմիջապես աշխատանքից ազատեն հիմնը սխալ միացնողին, բայց. «Ճիշտն ասած, դեռ հստակ որոշում չունեմ, երեկ շատ զայրացած ասել եմ աշխատանքից ազատեք, բայց տարիքով մարդ է, 18 տարվա աշխատող է, եթե հիմա ազատենք աշխատանքից, կոպիտ ասած, խղճիս չի նստում»։
«Գիտեք ինչ, Ջիբրալթարի հետ խաղը ոնց որ սև թուղթ լիներ, կրվեցինք հերիք չի, հիմնը սխալ միացրեցին դա երկու, FAF-ն ու Red Eagles-ը իրար ծեծեցին, շշերը գցեցին դաշտ, ինչ վատ բան կար, այդ օրը եղավ», - ասաց նա։
Արթուր Վանեցյանը, սակայն, նշում է, թե լավ է, որ այդ ամենը եղավ։
«Որովհետև հայելու նման այդ ամեն ինչը եկավ մեր դիմացը ու գիտենք՝ ինչ անենք, մարզադաշտի անվտանգության հայեցակարգ կմշակվի», - ասաց նա։
ՀՖՖ նախագահն ընդգծում է՝ քանի դեռ միայն ԱԱԾ գործերով էր զբաղված, իր մասին «կարող է ստից մի բառ գրեին ու անցնեին»։
«Ֆուտբոլից հետո իմ ամենամոլի երկրպագուները ինչ ասես գրում են իմ մասին», - նշեց նա։
Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ Վանեցյանն ասաց, որ այսօրվա խաղում չի փոխվի FAF-ի ու Red Eagles-ի տեղերը։
«Էսօրվա խաղին չեն տեղափոխվի, անվտանգության համակարգը կլինի, և դրանից հետո կորոշվի, թե երկրպագուների որ խումբը որտեղ է լինելու», - ասաց նա։