17/10/2018 13:44
Ես երբևէ, որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել. Կոստանյանը պնդում է, որ ցանկանում է աջակցել Նիկոլ Փաշինյանին
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ իր սկզբունքներից երբևէ չի շեղվել։
«Ես երբևէ, որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել և երբեք չեմ էլ շեղվելու», - հայտարարեց Կոստանյանը՝ արձագանքելով լրագրողի հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ նրա տեսակետները փոխվել են և նրա հայտարարությունները նույն բովանդակությունը չունեն մինչև մայիսի 8-ը և դրանից հետո։
Երբ լրագրողները հիշեցրին, որ մայիսի 8-ին վարչապետի ընտրության օրը խորհրդարանում Կոստանյանը ելույթ ունենալիս հայտարարում էր, որ Փաշինյանը չի կարող «ստանձնել պետության ղեկը», սակայն այժմ նա կարծում է, որ Փաշինյանն ազնիվ է ու նրան պետք է աջակցել, Կոստանյանը արձագանքեց. «Ես, անկեղծ ասած, զարմանում եմ, որ այդտեղ հակասություններ են փնտրում մի պարզ պատճառով՝ ես ասել եմ երկու բան, առաջին՝ Նիկոլ Փաշինյանը ազնիվ է ու ես իրեն հարգում եմ, բայց միաժամանակ ես ասել եմ, որ որևէ մեկը մեր հանրության մեջ Նիկոլ Փաշինյանին չի տեսել պետական կառավարման պրոցեսում, որովհետև նրա ամբողջ կենսագրությունը եղել է հանրային մակարդակում, հետևաբար պետական կառավարման մեջ, վստահ եմ, դուք էլ չեք տեսել։
Նա երբեք չի զբաղեցրել պետական պաշտոն։ Եթե մարդը չի տեսել, թե նա ինչպիսի դիրքորոշում է դրսևորում պետական համակարգում, բնականաբար, դա նշանակում է պետական կառավարման հմտությունների բացակայություն։
Հիմա դուք կհարցնեք՝ բա ի՞նչ փոխվեց այս ընթացքում։ Խնդիրը հետևյալն է՝ այս ամիսների ընթացքում, մենք, ես տեսա ու համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները, ցանկությունները ազնիվ են և իմ խորին համոզմամբ, ուղղված են պետության բարօրությանը, և ցանկացած մարդ, որը երկրի բարօրության նկատմամբ նախանձախնդիր է, պետք է օգնի, որ այդ նպատակները իրագործվեն», - այսօր լրագրողներին իր նախկին ու ներկա մոտեցումները ներկայացրեց Կոստանյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է ընդունել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Կոստանյանի մոտեցումները, պատգամավորը պատասխանեց՝ հարգանքով. «Ինքը միշտ հարգանքով է վերաբերվում բոլոր իմ որոշումներին, և մամուլում ինչ ու ոնց են գրում, 48-րդական հարց է»։
Կոստանյանը նկատեց, որ իր մոտեցումները ՀՀԿ խմբակցության դիրքորոշման հետ հակասություն չունեն։ «Ֆրակցիան նույն օրը հայտարարություն տարածեց՝ ասելով, որ իրենք թեկնածու չեն առաջադրի», - հայտարարեց Կոստանյանը։
Նկատենք, որ Կոստանյանը Հանրապետական կուսակցության անդամ չէ, բայց կուսակցության ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։