17/10/2018 12:30
Նախկին վարչապետի եղբայրը կալանքից ազատ է արձակվել
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, որին պատկանող տարածքում մեծ թվով զենք-զինամթերք էին հայտնաբերել, մի քանի ամիս անազատությունից հետո կալանքից ազատ է արձակվել։
Aysor.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Հատուկ Քննչական ծառայությունից, նշելով, որ Հենրիկ Աբրահամյանը կալանքից ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց։ Դատարանին նրա խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը ներկայացվել է նրա փաստաբանի կողմից։
Նշենք, որ Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, պահելու համար ( ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մաս)։
Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, նա ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր` ըստ եղած վարկածի, Աբրահամյանների մոտ հայտնաբերված զենքն ու զինամթերքը, հնարավոր է, օգտագործվել է Երևանում 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ:
Սակայն ավելի ուշ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ հայտնաբերված զենք-զինամթերքը որևէ կապ չունի մարտի 1-ի դեպքերի հետ, քանի որ փորձաքննությունը չի հաստատել այդ կապը։