17/10/2018 17:18
Փաստաբանը դիմել է ՔԿ՝ գաղտնալսված զրույցի գործով Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությամբ
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան` տեղեկացնում են Քոչարյանի փաստաբանական խմբի լրատվական ծառայությունից։
Միջնորդությունը, ըստ աղբյուրի, Քննչական կոմիտե ներկայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելու փաստը:
Հովհաննես Խուդոյանի կարծիքով, իրավաչափ կլինի դատավարական կարգավիճակի ճանաչումը, իսկ մերժումը կասկածի տակ կդնի նախաքննության օբյեկտիվությունը:
Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև մարտի 1-ին առնչվող քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցը գաղտնալսվել էր ու հրապարակվել։ Կատարվածի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պաժշտոնեական լիազորություններն անցնելը»։
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը այս գործով հանդիսանում է որպես տուժող, երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ իրավապահներին արդեն հայտնի է գաղտնալսման պատվիրատուն, և նա հանրության մեջ լայն ճանաչում ունի։