17/10/2018 18:23
Ֆրանսիական ժամանակակից թատերգությունը՝ հայերեն. hրատարակվել են Յասմինա Ռեզայի պիեսները
Առաջին անգամ Հայաստանում լույս են տեսել ֆրանսիացի անվանի դրամատուրգ Յասմինա Ռեզայի պիեսները: Գրքի շնորհանդեսը կայացել է հոկտեմբերի 16-ին՝ «Զանգակ» գրատանը:
Յասմինա Ռեզան (1959 թ.) ամենաշատ թարգմանված և բեմադրված հեղինակներից է: Նրա ժամանակակից թեմաներով պիեսները թարգմանվել են ավելի քան 35 լեզուներով և բեմադրվել աշխարհի խոշորագույն թատրոններում: 2007 թվականին Ռեզան «Անտուան» թատրոնում բեմադրել է «Սպանդի Աստվածը» պիեսը, որը 2011-ին էկրանավորել է Ռոման Պոլանսկին: Պիեսի համար Ռեզան Կաննի կինոփառատոնում արժանացել է ֆրանսիական «Սեզար» մրցանակին՝ լավագույն սցենարի համար։
1987 թվականին Ռեզան Մոլիերի անվան մրցանակին է արժանացել «Զրույցներ հուղարկավորությունից հետո» պիեսի համար: Նույն մրցանակին նա արժանացել է նաև 1995 թվականին «Արվեստ» պիեսի համար, որը, թերևս, Ռեզայի ամենաշատ թարգմանված և բեմադրված թատերգությունն է: Ռեզան անգլոսաքսոնական ամենահեղինակավոր՝ «Լոուրենս Օլիվիե» (Laurence Olivier Award) և ամերիկյան «Թոնի» (Tony Award) մրցանակների կրկնակի դափնեկիր է: Նրա վերջին՝ «Բաբելոն» վեպը, լույս է տեսել 2016 թվականին և արժանացել «Ռենոդո» գրական մրցանակին:
Գրքում ներկայացված «Սպանդի Աստվածը», «Զրույցներ հուղարկավորությունից հետո», «Ձմեռնամուտ», «Պատահականության մարդը», «Արվեստ», «Կյանքի երեք տարբերակ» պիեսները հայերեն է թարգմանել բեմադրիչ, թարգմանիչ և դերասանուհի Սաթէ Խաչատրյանը: 2017-ին նա թարգմանել է ֆրանսահայ հայտնի դրամատուրգ Արթուր Ադամովի պիեսները:
«Կարևոր օր է, քանի որ գրքով է ամփոփվում այն համալիր ծրագիրը, որն իրականացրինք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում: Ես թատրոնով զբաղվում եմ տեսականորեն և գործնականում: Կարող եմ ասել, որ ժամանակակից պիեսները ձևավորում են ժամանակակից թատրոնների խաղացանկերը և այդ պիեսների թարգմանությունն ու դրանք հանրությանը հանձնելը հավասարազոր է ժամանակակից թատրոնի պատմության փոխանցմանը», - ասաց Սաթէ Խաչատրյանը:
Ռեզայի «Սպանդի աստվածը» արդեն իսկ բեմադրվել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, իսկ «Կյանքի երեք տարբերակը»՝ Լոֆթ կենտրոնում:
Նշենք, որ «Յասմինա Ռեզա. Պիեսներ» գիրքը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
Լուսանկարները՝ «Զանգակ» հրատարակչության