17/10/2018 16:11
ՍԴՀԿ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը պատրաստվում է մասնակցել դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը։
«ՍԴՀԿ-ն ղեկավարվում է կենտրոնական վարչության կողմից, հետևաբար, և՛ Հայաստանի շրջանը, և՛ կենտրոնի ընկերները, բոլորս էլ համամիտ ենք, որ անպայման պետք է մասնակցենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին», - ասաց Վ. Մեսրոպյանը։
Հարցին, թե ի՞նչ ձևաչափով, կուսակցության փոխատենապետը պատասխանեց.
«Դա կախված է մեր բանակցություններից՝ դաշինքով ենք գնալու, թե առանձին։ Մոտակա օրերին անպայման պարզ կլինի այս հարցը և անպայման հանդես կգանք հայտարարությամբ»։
Վազգեն Մեսրոպյանն ասաց՝ դեռևս չեն ուզում փակագծեր բացել, թե դաշինքներ կազմելու դեպքում որ ուժերին են նախընտրություն տալու։
«Բանակցություններն արդեն լավ շեմի են հասել, պարզապես դեռ չգիտենք, ավելի ճիշտ է դաշինքո՞վ մասնակցել, թե՝ ոչ»։
ՍԴՀԿ փոխատենապետն ասաց, որ ընտրություններին մասնակցելու են որպես ժողովրդամետ քաղաքական ուժ.
«Մենք հեղափոխության առաջին օրվանից էլ մեր հայտարարություններն արել ենք։ Մենք պետք է շարունակենք մեր քայլն անել։ Ինչպես որ միշտ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը եղել է ժողովրդի հետ, այնպես էլ հիմա պետք է շարունակենք ժողովրդի հետ մնալ»։
Նա նաև նշեց, որ մի քանի օր առաջ կառավարության շենքում մասնակցել են ընտրական օրենսգրքի շուրջ փոփոխությունների քննարկմանը, ներկայացրել են իրենց առաջարկները։
Հիշեցնենք՝ ըստ Սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: