18/10/2018 13:06
ՄԻԵԴ-ը հերթական վճիռն է կայացրել Մարտի 1-ի գործով. Ոսկերչյանին և Այվազյանին պետբյուջեից կտրամադրվի ընդհանուր 7500 եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր հրապարակել է 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները, տեղեկացնում է նրանց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ կայացված վճռով ճանաչվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 5-րդ հոդվածի խախտում՝ «Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք», իսկ Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով՝ ՄԻԵԿ 5-րդ հոդվածի՝ 1-ին և 3-ին մասերի խախտում։
«Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․ Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք», - նշում է Շուշանյանը։
Նրա ներկայացմամբ՝ որպես արդարացի փոխհատուցում՝ կառավարությունը Գրիգոր Ոսկերչյանին պետք է վճարի 3000, իսկ Մասիս Այվազյանին 4500 եվրո գումար։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 1-ի գործով առաջին վճիռը ՄԻԵԴ-ը հրապարակել էր «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով և այդպիսով Հայաստանին պարտավորեցրել Սաղաթելյանին փոխհատուցել 15.600 եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում և 5000 եվրո՝ դատական ծախսերի դիմաց։