18/10/2018 09:37
Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ իրականացվում են տոտալ ոչ իրավաչափ գործողություններ՝ ինչ-որ քմահաճույքներ բավարարելու համար. փաստաբան
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հնարավորությունները սահմանափկաված են, աշխատավարձ չի կարողանում ստանալ, իսկ նրա վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը դոփում է տեղում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Ալեքսանդր Սարգսյանի ու նրա ընտանիքի հանդեպ տեղի են ունենում տոտալ ոչ իրավաչափ գործողություններ», - ասաց Միհրան Պողոսյանը՝ ընդգծելով, որ Սարգսյանների նկատմամբ այդ ամենն իրականացվում է «ինչ-որ քմահաճույքներ բավարարելու համար»։
Փաստաբանը «տոտալ ոչ իրավաչափ գործողություններ» ասելով նկատի ունի, օրինակ, Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ դեպքից 11 տարի հետո սպանության համար առաջադրված մեղադրանքը, բանկային հաշիվները կալանքի տակ պահելը, կնոջը պատկանող թանկարժեք իրերը, թոռան անունով անվանական զարդը ԱԱԾ-ի կողմից առգրավելը, Ալեքսանդր Սարգսյանի օրինական զենքն առգրավել ու չվերադարձնելը։
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Սարգսյանը հունիս-հուլիս ամիսներին երկու անգամ իրավապահների կողմից բերման էր ենթարկվել ու ազատ արձակվել՝ առաջին անգամ ապօրինի զենք պահելու կասկածանքով, որի առնչությամբ ավելի ուշ հայտարարվեց, որ եղած զենքն օրինական է։ Երկրորդ անգամ ԱԱԾ-ն էր նրան բերման ենթարկել և հետո պարզվեց, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Մարտիրոս Սարյանի 14 գծանկարներին խարդախությամբ տիրանալու համար։
«Ընդ որում, տուժող կողմը հայտարարում էր, որ գործարքը տեղի է ունեցել Սարգսյանի որդու հետ, և առերեսման ժամանակ պնդել էր, որ Ալեքսանդր Սարգսյանին չի ճանաչում ու նրա հետ գործարքի մեջ չի մտել։ Սակայն Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Մարտիրոս Սարյանի գծանկարներին խարդախությամբ տիրանալու համար։ Այս ամբողջ սահամնափակումները բխում են դրանից։ Երբ տուժողը հայտարարում է, թե անձին չի ճանաչում ու մեղադրանք առաջադրելը ունեցել է մեկ նպատակ՝ սահմանափակել Ալեքանսդր Սարգսյանի ազատությունը, տեղաշարժման, գույքային իրավունքները», - ասաց փաստաբանը՝ նշելով, որ նրա նկատմամբ այժմ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։
Ավելին, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը նաև չի կարողանում տիրապետել իր աշխատավարձը, որը ստանում էր ընկերության տնօրեն լինելով։
Փաստաբանը պնդում է, որ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը անհիմն է, և այդ պատճառով էլ այժմ քննչական գործողություններ չեն իրականացվում. «Կանչում են քննչական մարմին ու բացարձակապես այլ թեմայով ու այլ երևույթների մասին հարցեր տալիս, քողարկված փորձում են նախաքննություն իրականացնել»։
Ալեքսանդր Սարգսյանի պաշտպանությունը, հիշեցնենք, հոկտեմբերի 5-ին դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նրա և ընտանիքի իրավունքները վերականգնվեն։ ՄԻՊ-ը բողոքը վարույթ էր ընդունել ու իր հերթին դիմել համապատասխան պատկան մարմիններին՝ Դատախազություն, Քննչական։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացրին, որ այդ հարցի վերաբերյալ իրենց գրավոր հարցումներին դեռևս պատասխան չեն ստացել։
«Ամեն դեպքում մենք էլ մեր հերթին դատական կարգով պատրաստվում ենք վիճարկել քննիչի կողմից իրականացվող անօրինական գործողությունները, անօրինական որոշումները», - տեղեկացրեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ Սարգսյանների ընտանիքի նկատմամբ իրավապահների կողմից այս գործողություններն իրականացվում են նաև հասարակության ինչ-որ խմբի պահանջմունքները բավարարելու համար։ Նա հույս ունի, որ խորհրդարանական ընտրություններից առաջ, նախընտրական շրջանում չի շահարկվի Սարգսյանի հետ կապված որևէ հարց, ինչպես եղավ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ։