18/10/2018 13:30
Վարչապետի գլոբուսը կարծես սկսում է Կալինինգրադից, ավարտվում է Վլադիվոստոկով. Քաղաքագետ
Վարչապետի մոտ լավ ստացվեց հին համակարգի քանդումը, բայց վարչապետի և նրա թիմակիցների մոտ չի երևում ապագայի զարգացման ռազմավարությունը, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ներքաղաքական զարգացումներից՝ ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը։
«Ղարաբաղի հարցում, օրինակ, երբ ընտրվեցին, այդ հարցով մի տեսակետ էր հնչում, դրանից հետո ուրիշ տեսակետ էր հնչում։ Արտաքին քաղաքականության մեջ տեսնում ենք, որ վարչապետը ԵԱՏՄ-ի մոլեռանդ ջատագով է դարձել, բացի ԵԱՏՄ-ից ինքն ուրիշ բան չի տեսնում, կարծես իր գլոբուսի վրա աշխարհը սկսում է Կալինինգրադից, ավարտվում է Վլադիվոստոկով», - ասաց Արմեն Բադալյանը։
Քաղաքագետն ասաց, թե շաբաթը մեկ տեսնում ենք վարչապետի այցը Մոսկվա, սակայն չենք տեսնում նրա այցերը եվրոպական երկրներ՝ բացի Բրյուսելից և Նյու Յորքից, որտեղ գագաթնաժողովներ էին։
«Ի՞նչ է, աշխարհում բացի Մոսկվայից ուրիշ քաղաք չկա՞», - նկատեց Արմեն Բադալյանը։