18/10/2018 13:24
Տիգրան Ուրիխանյանը առաջարկում է օրենքով արգելել միասեռ ամուսնությունները
Հայաստանի Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր խորհրդարանում շրջանառության մեջ է դրել «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է արգելել միևնույն սեռի անձանց միջև ամուսնությունները։
Ըստ պատգամավորի, Ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված են ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները, որտեղ ամրագրված չէ միասեռ ամուսնությունների արգելքը: Հենց դա էլ հիմք է հանդիսացել, որ Ուրիխանյանը ներկայացնի նման փոփոխություն։
«Առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջ7 ամուսնությունների կնքման արգելքը», նշել է պատգամավորը նախագծի հիմնավորման մեջ։
Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, Ուրիխանյանն ասում է, որ «Ընտանիքը, որպես հասարակության հիմնական բջիջ, ազգի պահպանման և վերարտադրման հիմք, պետք է մշտապես լինի պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո: Հայկական ավանդական ընտանիքների ձեւավորումը հնարավոր վտանգներից զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է օրենքի ուժով արգելել միասեռ ամուսնությունների կնքումը, ճանաչումը, պետական գրանցումը»:
Վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը և Ընտանեկան օրենսգիրքը, պատգամավորը նշել է, որ «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով»:
Միևնույն ժամանակ, Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածը սահմանում է. «Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի»:
Օրենքի նախագիծը դեռ չի քննարկվել ԱԺ Պետա-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում։