18/10/2018 17:44
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և, կարող ենք ասել, որ փոխադարձաբար տեղեկատվությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի, կհասնի մեզ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողների հարցին՝ այսինքն հրադադարի խախտումների դեպքում հնարավոր կլինի՞ ուղղակիորեն կապվել Ադրբեջանի ղեկավարության հետ, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց դրական, սակայն նշեց, որ յուրաքանչյուր դեպքի համար կապը չի լինելու:
«Այնպես չէ, որ ամեն դեպքի համար կապի մեջ ենք մտնում՝ ըստ անհրաժեշտության», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Նրա խոսքով՝ «այս պահին արցախաադրբեջանական շփման գծում իրավիճակն աննախադեպ հանգիստ է և դա ինչ-որ առումով Դուշանբեի համաձայնության արդյունքն է»։