19/10/2018 12:04
Կառավարությունը թույլ է տալիս, որ խորհրդարան անցնի 4 կուսակցություն կամ դաշինք. Ներկայացվեց փոփոխված ԸՕ-ն
Ընտրական օրենսդրության կարևորագույն նպատակը Հայաստանում ժողովորդավարական ինստիտուտների կայացումն է, այսօր ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ ներկայացնելով փոփոխված Ընտրական օրենսգրքի նախագիծը։
Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով առաջարկում են երեք կուսակցությունների կամ դաշինքների փոխարեն թույլատրել Ազգային ժողով ներկայացվել 4 կուսակցություններ կամ դաշինքներ և մանդատների բաշխումն իրականացնել նրանց միջև։ Ընդ որում, 4-րդ քաղաքական ուժը խորհրդարան կհայտնվի ընտրություններում 2 տոկոս ընտրական շեմը հաղթահարելու պայմանով։ Զեյնալյանն ասաց, որ դա «Ծառուկյան» դաշինքի առաջարկությունն էր, որը ընդունվել է կառավարության կողմից։
ԱԺ պետա-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե նվազագույն թվով՝ 4 կուսակցություն չի մասնակցում ընտրություններին, ապա արդյոք դրանք չեն կայանալու։
Ի պատասխան Զեյնալյանն ասաց, որ դրա լուծումը կոնկրետ Ընտրական օրենսգրքով տրված չէ, բայց կա այլ լուծում՝ նորից է հայտարարվում կուսակցությունների կամ դաշինքների գրանցում։ «Հիմա մենք կարող ենք քննարկել ու տալ լուծում, թե ինչ է տեղի ունենում, երբ վերջնաարդյունքում գրանցվում է 3 կուսակցություն կամ դաշինք», - նկատեց Զեյնալյանը։
Ինչ վերաբերում է խորհդարանական մեծամասնությանը, ապա, ըստ Զեյնալյանի, բոնուսային համակարգը գործելու է, խորհդրարանում լինելու է կայուն խորհրդարանական մեծամասնություն։ «Կայուն խորհրդարանական մեծամասնություն անպայման պետք է լինի Ազգային ժողովում, և քաղաքական փոքրամասնությունը չի կարող փոքր լինել, քան 1/3-րդը։ Դա մնացել է անփոփոխ», -նշեց Զեյնալյանը։
Նոր փոփոխություններով առաջարկվում է կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ գործող 25 տոկոսի փոխարեն դարձնելով 30 տոկոս։
Նախարարի պաշտոնակատարի ներկայացմամբ, առաջարկվում է մեխանիզմ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրական ցուցակից հանելու համար, իսկ ընտրողների իրազեկվածության բարձրացումն էլ իրականացվելու է Հանրային հեռուստաընկերությամբ բանավեճերի միջոցով։ Օրենքով նաև Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվելու է բանավեճի հրավիրել կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուներին։
Սահմանվում է նաև, որ զինծառայողների անմիջական և ոչ անմիջական պետերին արգելվում է ներկա գտնվել քվեարկության սենյակում քվեարկության պահին։ Ընտրական գործընթացների նկատմամբ վերսհկողական հնարավորությունների բարձրացում։
«Կառավարությունը պատրաստ է քննարկել բացը, որպեսզի այս Ընտրական օրենսգիրքը լինի կատարյալ, անթերի», - հայտարարեց Զեյնալյանը՝ ընդգծելով, որ պատրաստ են ընդունել դիտողություններ ու առաջարկություններ։